Ռուսաստանը դեմ է Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձեւաչափը փոխելուն եւ անարդյունավետ է համարում նրանց դերը ձախողելու փորձերը: Ըստ ՏԱՍՍ-ի, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
««Եռյակի» ձեւաչափը, որի դերն ամրագրված է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներում, գործուն է եւ շտկման կարիք չունի»,- ընդգծել է Լուկաշեւիչը:
«Վստահ ենք, որ փոխզիջումային լուծման առաջխաղացման հարցում Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» օգնությունը պահանջված է, իսկ նրանց միջնորդական ջանքերի արդյունավետությունն առաջին հերթին կախված է հենց հակամարտության կողմերից, նրանց քաղաքական կամքից, որն անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության լուծումը բանակցությունների սեղանի շուրջ գտնելու համար»,- ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը:
Նա նաեւ ընդգծել է, որ «ուժի կիրառումը ցանկացած դեպքում չի կարող է խաղաղ երկխոսությանն այլընտրանք լինել»:
Լուկաշեւիչի խոսքով, Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչները «խորհրդակցություններ են անցկացնում տարածաշրջանում կայունությունը վերահաստատելու անհետաձգելի միջոցների եւ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների շուրջ՝ արդեն մշակված համաձայնությունների համալիրի հիման վրա»:
«Մեր գործընկերների շրջանում լիարժեք ըմբռնում կա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցության շուրջ՝ որպես հակամարտության կարգավորման արդյունավետ շարունակության առանցքային նախապայման»,- հայտարարել է դիվանագետը: