Սիրիայի Արաբական Հանրապետության Բանակի եւ Զինված ուժերի Գերագույն հրամանատարությունը հաստատել է իր վճռականությունը եւ անդրդվելիությունը շարունակելու ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները` փոխգործակցելով եւ ջանքերը համադրելով բոլոր բարեկամների եւ դաշնակիցների հետ, մինչեւ որ անվտանգությունը եւ կայունությունը վերականգնվեն Սիրիայի ամբողջ տարածքում:
Ինչպես հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը, հրամանատարության հայտարարության մեջ նշված է, որ լիովին նորմալ է ՍԱՀ-ի եւ Ռուսաստանի բանակների հրամանատարությունների ընդունած որոշումը Սիրիայում ռուսական զորքի թվաքանակի կրճատման վերաբերյալ: Այն ձեռք է բերվել` հիմնվելով իրավիճակի զարգացման վրա այն զգալի հաջողություններից հետո, որ ՍԱՀ-ի զինված ուժերն արձանագրել են ահաբեկչական խմբավորումների հետ դիմակայության մեջ այն բանից հետո, երբ բանակը ռազմի դաշտում ստանձնեց նախաձեռնությունը, ընդլայնվեցին տեղական զինադադարի գոտիները, մի քանի ռազմաճակատում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ հաստատվեց եւ շատ ահաբեկիչներ հեռացան երկրի սահմաններից:
Գերագույն հրամանատարությունը բարձր է գնահատել Ռուսաստանի ԶՈՒ-ի եւ ՌՏՈՒ-ի ազնիվ դերը, այն զոհերը, որ նրանք տվեցին ահաբեկչության դեմ պայքարում: Միաժամանակ ընդգծվել է, որ ԻԼԻՊ-ի, «Ջեբհաթ Ան-Նուսրայի» եւ համանման ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կշարունակվի նախկին տեմպով մինչեւ դրանց վերջանական վերացում, դաշնակից ուժերի, մասնավորապես` Ռուսաստանի հետ ջանքերի համադրմամբ եւ փոխգործակցությամբ: