The Financial Times կայքը գրում է, որ ռուսական բանկերում լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել ու դրանք կարող են խորանալ: Այս խնդրի՝ Հայաստանի վրա ազդեցության շուրջ Araratnews-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի հետ:
-Ինչպե՞ս կազդի Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս խնդիրը մեզ վրա:
-Լրատվականներն, այո, քննարկում են նման բան: Վատորակ վարկերը ամբողջ վարկային պորտֆելի 10%-ն են, ինչն ահռելի թիվ է: Արևմտյան երկրներից վարկեր չեն ստանում: Արդեն սա փաստ է: Ուղղակի պաշտոնապես չեն հայտարարում: Բայց արդեն տեղեկություններ կան, որ օրինակ VTB-բանկը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում դոլարով վարկեր չի տալիս: Արդեն սահմանափակումներ կան: Վերջին շաբաթներին ռուսական ազգաբնակչությունը դոլարի պահանջը մեծացրել է: Ըստ էության, մեր ֆինանսական համակարգում դեռևս խնդիրները մեծ հաշվով չեն երևում, եթե նույնիսկ ինչ-որ խնդիրներ առաջանան, չեմ կարծում, որ այդքան զգալի լինեն: Բայց մի ուրիշ պրոբլեմ կա. մատչելի ֆինանսական վարկերի պրոբլեմի առաջ ենք կանգնելու: Այսինքն ռուսական բանկերի հանդեպ սանկցիաները կիրառվելու են նաև մեզ վրա: Երեկ հրապարակվեց, որ քննարկվում է արդեն ԵՏՄ անդամ երկրներում ռուսական կապիտալի մեծացումը, ինչի արդյունքում միջազգային պատժամիջոցները մեզ վրա կազդեն: