Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ:
«1997 թվականի պայմանագիրը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի միջպետական կապերի ժամանակակից փուլին: Այս կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ ստեղծեց քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակյալ զարգացման համար»,- նշված է Ռուսաստանի առաջնորդի ուղերձում:
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ բոլոր ժամանակներում ռուս-հայկական վաղեմի պատմության հիմք են ծառայել բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերը:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով` Ռուսաստանն ու Հայաստանն արգասավոր փոխգործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:
Իր ուղերձում Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռուս-հայկական կապերի ողջ համալիրը զարգացնելու համատեղ աշխատանքը` ի շահ երկու երկրների բարեկամ ժողովուրդների: