տուն ժամանց Կինո «Ռումորս». մեդիամոնիթորինգ

«Ռումորս». մեդիամոնիթորինգ

240
0

Ի՞նչ է «Ռումորսը»։ Ինչո՞վ է զբաղվում ընկերությունը։ Ի՞նչ ծառայություններ է առաջարկում հաճախորդներին։

Մուշեղ. «Ռումորսը»  ՏՏ կազմակերպություն է, որը զբաղվում ծրագրային ապահովումների մշակմամբ, ինչպես նաև իր կողմից ստեղծված հարթակների բիզնես առաջխաղացմամբ։ Ներկա պահին մեր լուծումները նախատեսված են PR մասնագետների, մամուլի պատասխանատուների, ինչպես նաև մամուլին հետևող և մամուլում կոնտենտ գեներացնող ցանկացած մասնագետի համար։ Հիմնական խնդիրները, որ լուծում է մեր ընկերությունը՝ մեդիա մոնիթորինգն ու վելուծությունն է, պրեսս-ռելիզների տարածումը և արդյունավետության վերլուծումը։ Հարթակն օգնում է հասկանալ, թե այս կամ այն կազմակերպությունը կամ անհատը առհասարակ ինչ արձագանք  է ստանում մեդիայում և հասարակության շրջանակներում:

Ի՞նչ ասել  է մեդիա մոնիթորինգ, կպարզաբանե՞ք։

Մուշեղ․ Մեդիա մոնիթորինգը շարունակական պրոցես է, երբ պարբերաբար  որևէ թեմայով  հետևում ես, թե ինչ են գրում մեդիայում: Պարզ ասած մեդիա մոնիթորինգը քեզ հետաքրքրող թեմային (որը կարող է լինել քո կազմակերպությունը, բրենդը կամ անհատի անուն-ազգանունը) հետևելն է և վերահսկելը,  թե ինչ են գրում  տվյալ երևույթի մասին մեդիայում: Շատ դեպքերում  մեդիա մոնիթորինգ ասելով նաև  հասկանում ենք մրցակիցների վերլուծություն, տվյալ դեպքում վերլուծում ենք ոչ թե մեզ, այլ՝ մրցակիցներին, բնականաբար, մրցակցային ճիշտ ռազմավարություն մշակելու նպատակով։

Մոնիթորինգի եւ վերլուծությունների թեմաները հնարավոր է ընթացքում փոփոխել, թե՞ ամրագրվում են սկզբնական պայմանավորվածության ժամանակ։

Արշակ. Փաթեթները սահմանափակում են բանալի բառերի միարժամանակ օգտագործման քանակը, այլ ոչ թե փոփոխման հնարավորությունը: Քանի որ հարթակն ավտոմատացված է, մենք տրամադրում ենք ամբողջ կառավարման պրոցեսը օգտվողին: Մոնիթորինգի թեման՝ բանալի բառերը որոշում է և տեղադրում մոնիթորինգ իրականացնողը: Այսինքն ամբողջովին հնարավոր է փոփոխել բանալի բառերը, մոնիթորինգի իրականացման ժամանակահատվածը, մեդիա աղբյուրները և նույնիսկ հարթակում կարող են ավելացնել մեդիա աղբյուրներ, որոնք բացակայում են:

Մուշեղ. Մենք ֆիքսում ենք միայն քանակը, այսինքն փաթեթի գինը որոշվում է հենց բանալի բառերի քանակից կախված, մասնավորապես՝ ոչ միայն, բայց գինն է որոշում, թե քանի բառ կարելի է օգտագործել, բայց թե ինչ բառեր, դա որոշում է օգտագործողը և, որ ամենակարևորն է, դա գաղտնի է և նույնիսկ մենք չենք տեսնում դա: Այսինքն, այս ամենն արվում է օգտագործողի կողմից և հնարավոր է փոփոխել ցանկացած պահի:

Կարելի՞ է ասել, որ Դուք կազմակերպություններին տրամադրում եք մեդիա մոնիթորինգ իրականացնելու հարթակ,  որը  փաստացի կատարում է ևս  մեկ աշխատակցի գործառույթ՝ անհամեմատ ավելի մատչելի արժեքով։ Եթե գաղտնիք չէ,  կնշե՞ք «Ռումորսից» օգտվելու արժեքները։

Արշակ.Այդպես ասում են մեր գործընկերները, որ Rumors Monitoring հարթակը մեկ աշխատողի աշխատանք է կատարում: Սակայն մեր նպատակն այն չէ, որ փոխարինենք ինչ-որ մեկի աշխատանքը: Մենք ուզում ենք օգնել, հեշտացնել ու ավելի արդյունավետ դարձնել մոնիթորինգային գործընթացը:  Հիմնական փաթեթները չորսն  են: Անհրաժեշտության դեպքում կազմում ենք նաև անհատական փաթեթներ. ինչպես անհատների համար նախատեսված փաթեթներ, այնպես էլ կազմակերպությունների համար: Փաթեթների գինը սկսում է 5 հազար դրամից մինչև 120 հազար դրամ:

Ինչպիսի՞ կազմակերպություններ, կամ գուցե անհատներ են Ձեր պատվիրատուները և, առհասարակ՝ Հայաստանում ու՞մ կարող է անհրաժեշտ   ու պիտանի  լինել մեդիա մոնիթորինգի ծառայությունը։ Եթե կարելի է, խոշոր հաճախորդներից մի քանիսի անունը նշեք։

Մուշեղ. Սպասարկում իրենց PR-ով, օրինակ` բանկեր, տելեկոմ կազմակերպություններ, կազմակերպություններ, որոնք աշխատում են հաճախորդների հետ, հասարակության հետ:  Հաջորդ սեգմենտը  հասարակական կազմակերպություններն են, , որոնք որոշակի ծրագրեր են իրականացնում Հայաստանում, և բնականաբար, ցանկանում են վերլուծել արդյունքները:  Կարելի է նաև ավելացնել կառավարությանը կից պետական մարմինները: Կառավարությունը նույնպես պոտենցիալ հաճախորդ է,  տեղեկանալու, առհասարակ, թե ինչ արձագանք է ստանում իր գործունեությունը մեդիայում: Իսկ ամենամեծ սեգմենտը, մեդիա վերլուծություններ իրականցնող կազմակերպություններն են, որոնք մատուցում են մեդիա մոնիթորինգ ծառայություն ուրիշներին:

Արշակ. Մի խոսքով, քաղաքական, կոմերցիոն և գիտահետազոտական նպատակներով մոնիթորինգ իրականացնող կազմակերպություններն են: Բոլոր սեգմենտներից էլ ունենք օգտվողներ: Դրանցից են`  Breavis կազմակերպությունը, AGBU-ն (ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ` ՀԲԸՄ), Արգենտինայի դեսպանատունը , «Դիմ Քոմյունիքեյշն» կազմակերպությունը, Մեդիա Գրուպը, ID բանկ, Հայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ Նվագախումբը: Կան նաև այլ բանկեր, խոշոր կազմակերպություններ, բիզնես կազմակերպություններ, որ այս պահին չենք կարող նշել:

Բազմաթիվ կառույցների, գուցե և անհանտների առաջնահերթ կարող է հետաքրքրել գործողության գաղտնիությունը, չէ որ շատերը կցանկանան հետեւել նաեւ իրենց մրցակիցներին վերաբերվող հրապարակումներին։ Ապահովու՞մ եք գաղտնիությունը։

Մուշեղ. Այո, միանշանակ, ապահովում ենք գաղտնիությունը: Առաջին հերթին, գաղտնիությունն ապահովվում է այն պարզ պատճառով, որ մեր մրցակիցների պարագայում մեդիա մոնիթորինգի թեման հաստատվում և նշվում է պայմանագրում, իսկ մեր պարագայում, ինչպես նշեցինք, թեման ընդհանրապես չի ֆիքսվում պայմանագիրը կնքելուց: Մենք ունենք երկու տեսակ պայմանագիր՝ օնլայն և գրավոր, ոչ մի դեպքում թեման չի նշվում և օգտագործողն ինքն է համակարգում, ավելացնում թեմաները, որոնք տեխնիկական լեզվով ասված՝ էն-կրպիտ վիճակում պահվում են բազայում և միայն նրանց է հասանելի, թե նրանք ինչ թեմաներ են տեղադրել:

Բացի մեդիա մոնիթորինգներից եւ վերլուծություններից, «Ռումորսի» միջոցով հնարավո՞ր է իրականացնել նաեւ համեմատություններ՝ պարզելու համար տվյալ կազմակերպության դիրքը նմանատիպ  այլ կազմակերպությունների համեմատ։

Արշակ. Այո, մենք տրամադրում ենք նման ծառայություն, դա հաթակում առանձին մոդուլ է, որտեղ կարողանում են տեղադրել համապատասխան թեմաները, կազմակերպության անունները և տեսնել տվյալները վիզուալ պատկերներով,  ըստ օրացույցային ժամանակահատվածի որքան  հրապարակումներ է եղել , որ մեդիաների կողմից է ավելի շատ անդրադարձ կատարվել և նաև որակական առումով տեսնել, թե ինչպիսի արձագանք է ստացել նաև սոցիալական մեդիայում ինչպիսի տեսանելիություն ու վերաբերմունք են ստացել տվյալ հոդվածները:

Մոնիթորինգի ենթարկվում են միայն իրական ժամանակում տպագրված հրապարակումները, թե՞  հնարավորություն կա օգտվել նաեւ արխիվային նյութերից։ Եթե այո,  ապա  քանի՞ տարվա  կտրվածքով։

Արշակ. Մոնիթորինգը իրականացվում է իրական ժամանակում, այսինքն տվյալ պահին եթե հրապարակում է կատարվում՝ միջինում 15 րոպեի ընթացքում ստանում են տվյալ հրապարակումը: Արխիվից ստանալու հնարավորություն ևս կա. այս պահին մենք տրամադրում ենք 2015թ.-ից սկսված արխիվային հրապարակումները:

Մուշեղ․ Ուզում եմ նշել, որ մեդիա արխիվի հնարավորությունը  էական մրցակցային առավելություն է մեր պարագայում , որովհետև հնարավոր է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գեներացնել կազմակերպության մեդիա վերլուծություն, որը շատ դեպքերում մեր հաճախորդներն անում են վերջին 3-4 տարիների համար: Նման գործողությունն արվում է ընդամենը մի քանի քլիկի միջոցով:

Հաճախորդներն ինչպե՞ս են ստանում ծանուցումները, արդյո՞ք պետք է պարբերաբար մտնել և  ստուգել Ձեր կայքի միջոցով, թե՞ հնարավոր է հետաքրքրող  նյութերը ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով և  մեկ անգամ բանալի բառերը բեռնելով։

Արշակ. Հարթակն այնքան պարզեցված է աշխատում, որ մեկ անգամ տեղադրելով համապատասխան բանալի բառերը, թեմաները, որոնց շուրջ ցանկանում եք ստանալ մոնիթորինգային տվյալներ, կարողանում եք ակտիվացնել ծանուցումներ ստանալու հնարավորությունը ՝ զուտ տրամադրելով էլեկտրոնային հասցե կամ հասցեներ: Երբ մեդիայում նոր հրապարակում է լինում համապատասխան նշված թեմայի և բանալի բառերի, տվյալ հրապարակումը ծանուցման տեսքով ուղարկվում է էլեկտրոնային փոստին, ինչպես նշեցինք՝ միջինում 15 րոպեի ընթացքում:

Ինչպես ասացիք, «ՌումորսիՄոնիթորինգի» միջոցով դյուրին է դառնում նաեւ պաշտոնական տեղեկատության եւ ասենք մամուլի համար նախատեսված հաղորդագրությունների տարածումը։ Ինչպե՞ս է դա իրականացվում։

Մուշեղ. Դա նոր գործիք է, որը նոր է շուկա մտել և բավականին ակտիվ կերպով զարգանում է: Գործիքը հնարավորություն է տալիս ուղարկել մշակված մամուլի հաղորդագրությունը բոլոր մեդիա աղբյուրներին: Գործիքը պարունակում է  օնլայն, օֆֆլայն, հեռուստա- թե ռադիո աղբյուրների բոլոր էլ. հասցեները: Ամենակարևորն այն է, որ ուղարկելուց հետո հնարավոր է հետևել, վերլուծել ու հասկանալ , թե ով ստացավ, առհասարակ, ձեր մեդիա պրեսս-ռելիզը, ում հասավ մամուլի հաղորդագրությունը, որն, ի դեպ,   հասնում է նամակի տեսքով, ով բացեց նամակը, ով բեռնեց նյութերը, և բնականաբար վերջում հասկանալ, թե մեր մոնիթորինգի գործիքի միջոցով ով տեղադրեց ձեր մամուլի հաղորդագրությունը:

Արշակ. Կարևոր է նշել մի հանգամանք, որ մամուլի հաղորդագրություն ուղարկողները իրականում չեն մտածում, թե արդյոք ընդգրկել են որևէ մեկին, թե ոչ: Մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետության մամուլի աղբյուրների ամբողջ բազան, իհարկե իրենք կարող են ավելացնել իրենցը, եթե ցանկանում են, եթե մեր մոտ դա չկա և մեկ քլիկի միջոցով ուղարկել այդ ամբողջը մեդիաներին:

Մի փոքր կտրվելով ընկերության թեմայից, կուզեմ պատմեք, թե որտե՞ղ եք ծանոթացել, ինչպե՞ս հղացավ համատեղ գործ հիմնելու գաղափարը։ Ինչո՞վ էիք զբաղվում մինչ այդ։

Մուշեղ. Մենք երկուսս էլ ունենք, այպես ասած, տեխնիկական <<բեքգրաունդ>>, փորձ: Երկուսս էլ եկել ենք հենց ՏՏ ոլորտից: Իրար ճանաչում ենք շուրջ 5 տարի: Մեր կազմակերպությունը հիմնել ենք 3 տարի առաջ, մինչ այդ մենք աշխատում էինք նույն՝ մեկ այլ ՏՏ կազմակերպությունում, մի քանի տարի ունեցել ենք համատեղ աշխատանքային փորձ: Ի սկզբանե, գաղափարը ծագել էր ինձ մոտ, ես փորձեցի այն իրականացնել, սակայն շուտով հասկացա, որ նման բանը միայնակ հնարավոր չէ իրականացնել ու դիմեցի Արշակին ՝ առաջարկելով միանալ իմ գաղափարին: Արշակին ևս գաղափարը դուր եկավ, միացավ ինձ և մենք սկսեցինք անել մեր առաջին քայլերը: Սկզբնական շրջանում բավական ակտիվ մասնակցում էինք ստարտափ մրցույթների, հասցրել ենք շահել մի քանի մրցույթներ , մասնավորապես, IBM-ի և ISTC -ի կողմից կազմակերպված ստարտափերի մրցույթում ենք հաղթել, հաղթել ենք <Գաղափարից դեպի շուկա> EIF-ի Step մրցույթում: Ինչպես նաև մասնակցել ենք մի քանի աքստերացիոն և ինկուբացիոն ծրագրերի, հասցրել ենք նաև ծրագիրը ներկայացնել եվրոպական մի քանի մրցույթներում: Կցանկանայի նաև նշել, որ ստացել ենք ներդրում և վերջին 1-2 տարին արդեն իսկ ավելի շատ կենտրոնացած ենք բիզնեսի զարգացման և սահմանների մեծացման ուղղությամբ:

«Ռումորսը» ստարտափ է, նման ընկերությունները սովորաբար ֆինանսավորվում են արտասահմանից, եւ լինում են առնվազն միջազգային, ոչ այնքան լիարժեք հայկական կառույցներ։ Ինչպիսի՞ն է այդ առումով «Ռումորսը»։ Ինչպես է այն ֆինանսավորվում։

Արշակ. «Ռումորսը» Հայաստանում ստեղծված և հիմնադրված կազմակերպություն է: Այս պահի դրությամբ ընկերության իրական միջոցները գեներացվում են  օգտատերերից, գործընկերներից ստացած եկամուտների հիման վրա և իհարկե,  մենք, ինչպես նշեցինք, ունենք նաև արտասահմանցի ներդրող, և այդ ներդրումների հիման վրա զարգացնում ենք հարթակը Բելառուսական շուկայում:

Մուշեղ. Ներդրողն անհատ ներդրող է, ով հանդիսանում է մեր համահիմնադիրներից մեկը: Այս պահին մենք երեք համահիմանդիրներ ենք. ներդրողը ազգությամբ հայ է, սակայն բնակվում է ԱՄՆ-ում . ստարթափի լեզվով ասած, angel investor է, հայերեն՝ հրեշտակ-ներդրող: Այս մոդելը շատ տարածված է ԱՄՆ-ում և առհասարակ ամբողջ աշխարհում, երբ որ սկզբնական շրջանում անհատներն են գումար ներդնում: Ճիշտն ասած, հիմա ունենք արդեն վենչուրային ֆոնդեր, որոնք հետաքրքրված են ներդրում կատարելու հարցում և հիմա բանակցություններ են գնում, որպեսզի ունենանք հաջորդ սիդ (զարգացնելուն ուղղված ներդրում) ներդրումը, որը հիմնականում ծառայելու է «Ռումորսի» տարածմանը աշխարհում

Քանի՞ աշխատակից ունեք, ի՞նչ մասնագետներ եք ներգրավում, ինչպե՞ս եք նրանց գտնում եւ ընտրում:

Արշակ. Այս պահի դրությամբ ունենք 10 աշխատակից:  Ներգրավում ենք, իհարկե,  աշխատանքային հայտարարությունների միջոցով: Հիմնականում ներգրավում ենք ՏՏ ոլորտի և բիզնեսի զարգացման գծով մասնագետներին:

Մուշեղ. Ինչպես նաև աշխատում ենք ուսանողների հետ, քանի որ Հայսատանում ներկա պահին փոքր-ինչ դժվարություններ կան ՏՏ մասնագետներ գտնելու հետ կապված: Մենք, ինչպես նաև շատ այլ կազմակերպություններ իրականցնում ենք Internship ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին գալ կազմակերպությունում աշխատել և միաժամանակ սովորել, վերջիններս հետագայում արդեն ստանում են աշխատանքի առաջարկ հենց կազմակերպության կողմից: Մենք ևս ունենք մի քանի Intern-ներ, ովքեր հիմա մեզ մոտ սովորում են և հուսանք՝ կդառնան մշտական աշխատողներ:

Հայտնի է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում բարձր աճի պոտենցիալ ունեցող երկիր է, օրեցօր աճում է ՏՏ ընկերությունների թիվը, միջազգային կազմակերպությունները «փախցնում» են ոլորտի լավագույններին, մասնագետների դիֆիցիտ  արդեն  նկատվու՞մ է։ Ըստ  Ձեզ, ինչպե՞ս կարելի է լուծել այդ հարցը։

Արշակ. Այո, իրականում մասնագետների դեֆիցիտ նկատվում է ու այդ դեֆիցիտը մենք փորձում ենք լրացնել՝ սկսնակ  ծրագրավորողներին վերապատրաստելով և դարձնելով մասնագետներ: Այս խնդիրն օրեցօր մեզ մոտ բարդանում է, և ոչ միայն մեր կազմակերպությունում, այլ ընդհանուր առմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտում: Ինչպես հայտնի է, բավականին խոշոր կազմակերպություններ դրսից արդեն փորձում են headhunting (գլուխների որս) անել՝  լավ մասնագետներին տանել իրենց մոտ, և դա լուրջ խնդիր է:

Մուշեղ. Կցանկանայի նշել, որ երկրում տեղի ունեցած վերջին դեպքերից, փոփոխություններից հետո միտումներ կան և արդեն նկատելի են, որ շատ կազմակերպություններ մարդ տանելու փոխարեն գալիս և Հայաստանում են ստեղծում մասնաճյուղեր: Արդեն մի քանի հայ-ամերիկյան կազմակերպությունների օրինակներ կան, և ոչ միայն: Կարծում եմ՝  խնդիրը նրանում է, որ ՏՏ-ն բավականին արագ տեմպերով աճում է, բայց բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն հացնում ՏՏ-ի ոլորտի ետևից, և կարծում եմ, շատ լուրջ պետք է զբաղվել այդ հարցով: Ամբողջ խնդիրն այն է, որ փաստացի ուսանողներն ավարտում են բակալավրիատը, շատ դեպքերում ստանում մագիստրոսի կոչում, բայց նրանք դեռ պատրաստ չեն ընդունվելու աշխատանքի, այսինքն պրակտիկ և ժամանակի մեջ տեղավորվող գիտելիքների պակաս կա ուսանողների մոտ, որը պետք է շուտափույթ լրացնել :

Արշակ. Համալսարանների դասախոսական կազմում պետք է  լինեն համապատասխան պրակտիկ աշխատողներ, քանի որ ներկա պահին կան նման ուսումնական հաստատություններ, որոնք դասավանդում են ոչ միայն տեսական գիտելիքներ այլ նաև տրամադրում են պրակտիկ գիտելիքներ: Բուհերում ծրագրավորումը պետք է ավելի շատ ուղղված լինի ոչ միայն տեսական, այլ պրակտիկ գիտելիքին, իրականացնել որոշակի նախագծեր, այդ նախագծերը արդեն կլինեն իրենց համար ռեալ  փորձ, որպեսզի աշխատանքի ընդունվելուց կարողանան ռեալ գործ անել որպես սկսնակ ծրագրավորողներ: Այն, ինչ մենք ներկա պահին անում ենք, մենք անում ենք այդ պրակտիկ աշխատանքը, այսինքն, նրանք ունեն որոշակի տեսական գիտելիքներ, մենք տալիս ենք որոշակի պրակտիկա, որպեսզի կարողանան արդեն հետագայում աշխատեն:

Մուշեղ. Իրականում բոլորս պետք է այս հարցում փորձենք մեր ներդրումն ունենալ: Չպետք է ակնկալենք, որ կրթության և գիտության նախարարությունը պետք է այս ամեն ինչ ֆիքսի. ԿԳՆ-ն պետք է լինի այն հարթակը, որին հենվելով, կարելի է զարգացնել, բայց բոլոր սրտացավ մարդիկ իրենց հնարավորությունների չափով պետք է օգնեն: Սակայն, բացի տեխնիկական գիտելիքներից, ևս մեկ բան կցանկանայի նշել, որ մեր բուհերում չեն սովորեցնում, չեն դասավանդում <<soft skill>>-եր, այսինքն ոչ մասնագիտական հմտություններ, մասնավորապես, ներկայացնելու, շփվելու հմտություններ: Այս խնդիրը շատ մեծ է Հայաստանում: Մենք փորձ ունենք, երբ աշխատում ենք դրսի հաճախորդների հետ, հիմնականում սկսնակ ծրագրավորողների մոտ առաջին խնդիրն այն է, որ իրենք չեն կարողանում  ճիշտ ներկայանալ, շատ դեպքերում իրենց աշխատանքը ճիշտ  ներկայացնել  պոտենցիալ գործատուին: Սա ևս խնդիր է, որը մենք մեր կազմակերպությունում փորձում ենք լուծել ՝ ներգրավելով ուսուցիչներ և մասնագետներ, ովքեր զարգացնում են այս հմտությունները ևս:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ առաջնահերթ է համարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը։ Որպես ոլորտի ներկայացուցիչ գործնականում որևէ քայլ նկատու՞մ եք։

Արշակ. Վերջին շրջանի այս փոփոխությունն իրականում բավականին դրական է անդրադարձել ոլորտի վրա: Կառավարության քաղաքականությունը նպաստում է, որպեսզի օտարերկրյա ներդրողները և կազմակերպություններն արդեն իսկ մտածեն այստեղ գալու մասին: Մենք գիտենք որոշակի մարդկանց, որոնք ցանկանում են մի առ ժամանակ անց տեղափոխվել Հայաստան և իրենց կազմակերպությունը հիմնադրել այստեղ: Այո, իհարկե, միանշանակ զգում ենք այդ փոփոխությունները ու վստահ եմ, որ դեռ շատանալու են նման լավ լուրերը:

Մուշեղ. Ինչպես բոլոր ոլորտներում, ՏՏ ոլորտում ևս փոխվել է ամենակարևորը՝ մարդկանց տրամադրվածությունն ու հավատը: Մենք ունենք ընկերներ, ովքեր տարիներ առաջ տեղափոխվել են ԱՄՆ՝  աշխատանքի բնույթով պայմանավորված, իսկ հիմա զրուցելիս՝ կա հետ վերադառնալու տրամադրվածություն: Բնականաբար նրանք ետ են վերադառնալու նոր բիզնես գաղափարներով, իրենց այնտեղի ստեղծածը Հայաստան բերելով, և արդյունքում, այս ամենն ազդելու է երկրի ընդհանուր տնտեսության վրա: Միակ խնդիրը, որ կառավարությունը պետք է լուծի , կարծում եմ, դա արտասահմանյան ներդրողների համար առողջ դաշտ ստեղծելն է, թե հարկային օրենքների առումով, թե առհասարակ ռեսուրսների հասանելիության առումով:

Առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեք կառավարությունից։

Արշակ. Ակնկալիքներ իրականում կան: Ակնկալիքները հիմնականում կապված են հարկային ոլորտի հետ: Ինչպես գիտեք, ստարտափ կազմակերպությունները սկսում են հիմնականում սեփական միջոցներով կամ ներգրավում են լրացուցիչ միջոցներ, և կարծում եմ, իրենց պետք է տալ որոշակի արտոնություններ, որպեսզի կարողանան որոշակի շեմի հասնել։ Ինչպես գիտեք, մեր ոլորտի մասնագետները թանկ են, գրասենյակային տարածքի, գույքի ծախսեր կան, շուկայում ներկայանալու և գովազդելու ծախսեր կան, հետևաբար լավ կլինի ունենալ որոշակի հարկային արտոնություններ ՝ոչ միայն այն ստարտափ կազմակերպությունների համար, որոնք ծառայություն են մատուցում  ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, այլ նաև բոլոր նորաստեղծ կազմակերպությունների համար, որպեսզի հնարավոր լինի այդ ֆինանսական բեռը  թեթևացնել և  ներգրավված միջոցները ներդնել  բիզնեսի զարգացման մեջ: Ինչպես նաև ցանկալի կլիներ  սահմանել որոշակի շրջանառության շեմից ցածր գտնվող կազմակերպությունները ազատվեն հարկերից: Գոյութուն ունի մեկ այլ խնդիր ևս: ՏՏ շատ մասնագետներ կամ նորաստեղծ (ստարտափ) կազմակերպություններ ստեղծում են բավականին առաջադիմական ծրագրեր և չեն կարողանում հանրությանը տեղեկացնել դրա մասին:  Կառաջարկեի կառավարությանը նպաստել այդ հարցում` օրինակ, ամսական կտրվածքով հանրային հեռուստատեսությամբ ոլորտի  լուսաբանման  հնարավորություն ընձեռել, էքսպոներին անվճար մասնակցության հնարավորություն տալ, ռադիոյով անվճար եթերի որոշակի րոպեներ տրամադրել և այլն:

Միջազգային շուկա մտնելու փորձեր կատարու՞մ եք։

Մուշեղ. Ներկա պահին մեր ուղվածությունը հիմնականում ԱՊՀ երկրներն են, արդեն իսկ քայլեր արել ենք Բելառուսի շուկա մտնելու ուղղությամբ: Արդեն գործունեություն ենք  ծավալում այնտեղ և ունենք մի քանի հաճախորդներ, որոնք, փորձնական տարբերակով, օգտագործում են մեր հարթակը, որոշակի ադապտացիաներ են տեղի ունենում հարթակում:  Բնականաբար, ունենալով որոշակի հաջողություններ՝  առաջիկայում կդիտարկենք  ԱՊՀ այլ երկրներ ևս: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում մեր ուղղվածությունը ԱՊՀ երկրներն են, իսկ հետո,  ինչու չէ,  եվրոպական որոշ երկրներ:

Ինչ լեզուներով է կարելի օգտվել կայքից:

Արշակ. Կայքի <<ինտերֆեյսը>> երեք լեզվով է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Կայքում որոնումներ կատարելը բազմալեզու է, կարող են ոչ միայն նշված լեզուներով որոնել, այլև  Ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, չինարեն, վրացերեն, թուրքերեն և այլն:

Թուրքերենի դեպքում, փաստորեն, հնարավոր է հարևան պետությունների լրատվական կայքերը ևս մոնիթորինգի ենթարկել:

Մուշեղ. Կարճ պատասխանեմ, այո: Ինչպես նշեցինք, մենք ստեղծել ենք հարթակ, տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած լեզվով մոնիթորինգ: Ներկա պահին՝ ելնելով կարիքներից, մենք չենք իրականացնում մեր հարևան երկրների կայքերի մոնիթորինգը, բայց եղել են դեպքեր, երբ դա արել ենք, ելնելով մեր պետության շահերից,  երբ դրա կարիքը եղել է: Եվ ապագայում ևս եթե լինի դրա կարիքը, մեր հարթակը կարող ենք ծառայեցնել նաև այդ նպատակին:  Ամբոջ առավելությունը կայանում է հենց նրանում, որ մենք չունենք լեզվի սահմանափակում մոնիթորինգ իրականացնելու համար:

Ինչպե՞ս եք պատկերացնում «Ռումորսի» հետագա զարգացումը, արդյոք բաց եք զարգացման, փոփոխությունների համար։ Ի՞նչ պոտենցիալ ունի ընկերությունը։

Արշակ. Մենք բավականին գլոբալ պատկեր ունենք մեր առաջ, թե ինչ ենք ուզում դառնա «Ռումորսը» : Մենք ուզում ենք, որ այն լինի բոլոր երկրներում և տրամադրենք ոչ միայն մեդիա մոնիթորինգային ծառայություն, ոչ միայն մեդիա հաղորդագրություններ տարածելու ծառայություն, այլ լինի PR communication` մարքեթինգի մասնագետների համար մի հարթակ, որտեղ կարող են մուտք գործել, կազմել իրենց ռազմավարությունը և այդ ռազմավարությամբ, կարողանան կատարել իրենց PR-ը, մարքեթինգը, և հետևաբար, գնահատել այդ ամբողջ գործընթացը: Ներկա պահին տվյալ մասնագետները օգտագործում են բազմազան գործիքներ, որպեսզի հասնեն տվյալ արդյունքին, և մեր նպատակն է այդ ամբողջը հարմարեցնել մեկ վայրում և տալ դյուրին ուղղություն, որի միջոցով կարող են կատարել այդ ամբողջը և տեսնել իրենց աշխատանքի գնահատականը հենց մեկ վայրում:

Մուշեղ. Մենք զարգացնում ենք թե հարթակը՝ ավելացնելով հնարավորություններ, ներգրավելով նոր սեգմենտներ, և միաժամանակ, նաև աշխատում ենք զարգացնել, ինչպես նշեցի, շուկաների տեսանկյունից: Այսինքն, երկու ուղղությամբ աշխատում ենք, փորձում ենք թե՛ նոր շուկաներ ներգրավել, թե՛ բարելավել հարթակը, որպեսզի վերջում ստանանք մի համակարգ, որն ամբողջությամբ կկարողանա հեշտացնել և ավելի արդյունավետ դարձնել մեդիա դաշտի և սոցիալական ցանցերի հետ աշխատող մարդկանց աշխատանքը: