Ռուբլու արժեզրկման գործընթացն օր-օրի ավելի նկատելի է դառնում: Իհարկե, դժվար չէ պատկերացնել, որ այն իր բացասական հետևանքները կունենա նաև ՀՀ տնտեսության վրա: Araratnews.am-ի հետ զրույցում «Միջազգային անվտանգության հարցերով ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ տեղի ունենցող գործընթացները Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների մի քանի փաթեթի հետևանքն է:
«Փուլային եղանակով հասկացվում է, որ Ռուսաստանը կարող է լրջագույն խնդիրների բախվել, եթե չվերանայի իր քաղաքականությունն Ուկրաինայի և հետխորհրդային մյուս երկրների հանդեպ»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանն ու նշեց նաև, որ լուծումները քաղաքական դաշտում են լինելու:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը կախվածության մեջ է ՌԴ կապիտալից, տնտեսությունից, ապա պարզ է՝ այն չափազանց վատ է անդրադառանալու մեր տնտեսության վրա:
«Մենք ամիսներ շարունակ նշում էինք այս ռիսկերի մասին, ասում, որ Հայաստանը պետք է ունենա մշակած կոնցեպցիաներ, սակայն որևէ բան չարվեց»,— ասաց Ստեփան Սաֆարյանն ու նկատեց, որ այդ ճգնաժամը մինչև տարեվերջ կզգանք թե´ մասնավոր տրանսֆերների առումով, թե´ ռուսական կապիտալից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա:
Հարցին, թե Հայաստանում հասարակության հատկապես ո՞ր շերտը կզգա վերը նշված խնդրի հետևանքները, Ստեփան Սաֆարյանն պատասխանեց՝ այն ընտանիքները, որոնք ապրում են Ռուսաստանից հարազատների ուղարկած գումարների հաշվին:
«Շատ լայն զանգվածներ կզգան հետևանքները՝ նկատի ունենալով, որ Երևանից, մարզերից, գյուղերից բազմաթիվ մարդիկ սնվում են Ռուսաստանում աշխատող հարազատների ուղարկած գումարների հաշվին: Այժմ կուրսի տատանումների պատճառով դրանց գնողունակությունն է փոխվում, հետևաբար կարելի է ասել, որ ավելի շատ կտուժեն նրանք, ովքեր այդ գումարների հույսին են»,- եզրափակեց Ստեփան սաֆարյանը: