տուն Լուրեր «Ռուբեն Հայրապետյանը մենք ենք». Գալուստ Սահակյան

«Ռուբեն Հայրապետյանը մենք ենք». Գալուստ Սահակյան

131
0

galust

«Երիտասարդներ են, պետք է կարողանան սպորտով մասնակցեն, այսինքն, եթե ուզում ենք՝ սպորտը զարգանա, բոլոր երիտասարդները սպորտով պետք է զբաղվեն: Եթե այդ բոլոր երիտասարդները սպորտով զբաղվեն` կարող  է   մեջները լավ ֆուտբոլիստներ առաջանան»,- Araratnews.am-ի հետ զրույցում ֆուտբոլի մասին իր պատկերացումներով կիսվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նաև ՖԱՖ-ի՝  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին:

Մեր դիտարկմանը, որ ՀՖՖ նախագահը, ըստ ՖԱՖ-ի, սեփական հավակնություններով է առաջնորդվում և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներին հավաքական չի հրավիրում, Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Լավ որակներ ունենալու համար, լավ գումարներ են անհրաժեշտ: Իսկ աշխարհի ամբողջ ֆուտբոլը կապված է գումարների հետ՝ լավ խաղացողներ ներգրավվելու, լավ մարզիչ ունենալու համար»:

Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի տրամադրած գումարներին, Սահակյանն ասաց. «Դրանք այդ սպորտաձևի համար մի կերպ դիմանալու գումարներ են: Պետք է մեծ ներդրումներ լինեն: Բողոքը գնում է ղեկավարի նկատմամբ, կարծում եմ՝  եթե ղեկավարը չլիներ, այդ ներդրումներն էլ չէին լինի, մեծ մասը ոչ թե ֆեդերացիայի գումարներն են, այլ հայթայթած գումարներ: ՈւԵՖԱ-ի գումարներով աշխարհում որևէ ֆուտբոլի թիմ չի կարող առաջանալ, դա պարզապես կազմակերպչական ծախսերի համար գումարներ են»:

Մեր մյուս հարցին՝ կապված տոմսերի գների հետ, պարոն Սահակյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հենց ֆինանսական իրավիճակը չի փոխում, որովհետև  երևի մեր տոմսերի գումարները 10-20 անգամ ցածր են, քան արտասահմանում»:

Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրեց՝ տեղյակ  է ՀՖՖ-ի գործունեությունից և պնդեց՝ նկատել է որոշակի առաջընթաց, որը բնական է՝ չի բավարարում:

«Դուք մտածում եք՝ մենք ֆուտբոլիստներ ունենք՝ կողք ենք թողել և վատ խաղացողներին ենք խաղացնո՞ւմ»,- փորձեց մեզնից ճշտել պարոն Սահակյանը:

Մեր արձագանքին՝ Դուք չէ, Ռուբեն Հայրապետյանը, ԱԺ նախագահն  ասաց. «Չէ, դա մենք ենք, մեր պետության իմիջն է, բոլորիս խնդիրն է: Մենք ունենք այն՝ ինչ ունենք, դրանից ավել որևէ բան մենք չունենք»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ՝ ՖԱՖ-ը, պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ֆեդերացիայի գործկոմի հրաժարականը:

Շողիկ Գալստյան