Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Տաթև, Շինուհայր, Հալիձոր և Գորիս համայնքների դպրոցներում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Տաթև համայնքի դպրոցում, որին ներկա էին ԼՂՀ կառավարության, մարզային եւ տեղական իշխանությունների, մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մյուս երեք լաբորատորիների ուսուցչական կազմն ու աշակերտները:
Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաեւ նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:
Բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Instigate ուսումնական կենտրոնի ղեկավար Վահագն Պողոսյանը, IDeA հիմնադրամի ներկայացուցիչները: