Այսօր ազգային ժողովում Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումների ընթացքում «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ՀԾԿՀ-ն տեղյա՞կ է եղել արդյոք, թե ինչ բարեգործական ծրագրեր է իրականացրել ՀԷՑ-ը:
«Սա բեռ է, ծախս, որ իմ և բոլոր բաժանորդների հաշվին մարդիկ հետևյալ բարեգործություններն են արել. մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, տարբեր այլ եկեղեցիներ, մանկատան սաների ամուսնություններ և այլն: Ո՞վ է թույլ տվել ՀԷՑ-ին վերանորոգել յոթ եկեղեցի: Ո՞վ է դիմել այս բարեգործական ծրագրերի համար:
Մանուկյանին հետաքրքրեց նաև, թե ինչո՞ւ կառավարությունը ավելի վաղ չի հետաքրքրվել ՀԷՑ-ի վերցրած վարկերից, որոնց երաշխավորը ՀՀ կառավարությունն է, առավել եւս, որ վերցված վարկերը ներդրում չեն ու հետո դառնալու են պարտք:
Ի պատասխան` Նազարյանն ասաց, որ ՀԷՑ-ի կատարած բարեգործությունների մասին տեղեկացել է մամուլից ու պաշտոնյաների հրապարակային ելույթներից, քանի որ պարոն Բիբինը` որպես ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն, կարող է իր շահույթի հաշվին բարեգործություն անել:
«Ի վերջո` այդ բարեգործություններն արել են մեր բնակչության համար: Թե ինչո՞ւ է արել և ի՞նչ չափով, անկեղծ ասած, ես չգիտեմ, ոչ էլ ուզում եմ իմանալ: Ինձ հետաքրքիր էլ չէ»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:
Վարկերի մասով Նազարյանն ասաց, որ խոսքն այն կարճաժամկետ վարկերի մասին է, որոնք ընկերությունը վերցրել է որպես կոմերցիոն վարկ և դրանց սպասարկումը մեզ վրա շատ թանկ է նստում: