տուն Լուրեր Ժիրայր Սեֆիլյանի հոդվածը

Ժիրայր Սեֆիլյանի հոդվածը

111
0

Ներկայացնում ենք «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հոդվածը՝ տպագրված «Արարատ մեգըզին» ամսագրում (2015 թ. թիվ 14):

Տագնապով ու մտահոգությամբ պետք է փաստել, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայությունը դարձյալ կանգնած է գոյութենական մարտահրավերներին դեմ-հանդիման, եւ դարձյալ նրա քաղաքական օրակարգի գլխավոր հարցը ազգային պետության ստեղծումն է: Սակայն այդ հարցի լուծմանը խոչընդոտում է Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը: Ուստի, արդյունքի հասնելու համար, նախ հարկավոր է հեռացնել ռեժիմին: Եթե այս ռեժիմը եւս մի քանի տարի շարունակի կառավարել, ապա պետություն ունենալու մեր ռեսուրսը կսպառվի, ինչի պատճառով կկորցնենք պետականությունը, իսկ Հայրենիքում մնացող հայությունը կհայտնվի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առջեւ:

Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար (ըստ 2014 թ. գարնան պաշտոնական տվյալների՝ նրանց մոտ 10 տոկոսը, իրականում՝ շատ ավելի մեծ մասը) Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունում, վկայում է ոչ միայն մարդկային ներուժի կորստի, այլեւ մեր ներքին գործերին միջամտելու ձեւով երկրի արտաքին անվտանգությանն սպառնացող նոր եւ լուրջ եւս մեկ մարտահրավերի մասին:

Տեսականորեն գոյություն ունի ռեժիմին հեռացնելու սահմանադրական երկու ճանապարհ՝ ընտրություններ եւ քաղաքացիական անհնազանդությամբ դրսեւորվող ժողովրդական ընդվզում:

Մինչ օրս փորձ է արվել ռեժիմին հեռացնել ընտրությունների միջոցով, սակայն այդ բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ ռեժիմն ընտրությունները վերածել է իր վերարտադրության անխափան եւ անընդհատ կատարելագործվող մեխանիզմի:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանում տեղի են ունենում ժողովրդի դիմադրական ռեսուրսն սպառող անդառնալի գործընթացներ, որոնց պատճառով ստիպված ենք ընդունել, որ արդեն այս պահին, իսկ առավել եւս՝ 2017 թ. հեռանկարում, այլեւս անհնար է հույս փայփայել, թե ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել ռեժիմին:

Այդ գործընթացների թվում առավել նշանակալի են մարդաթափության չափերի հասնող արտագաղթը եւ ժողովրդագրական մյուս բացասական միտումները, ռեժիմի բռնապետացումը, արտագաղթի եւ տնտեսության շարունակվող գերմենաշնորհացման հետեւանքով քաղաքացիների հիմնական զանգվածի կուտակումը ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող պետական եւ քրեաօլիգարխիկ տնտեսության հատվածներում, աղետալի չափերի հասնող ու շարունակաբար ծավալվող աղքատացումը, ինչպես նաեւ իրական ընտրողների համեմատությամբ ընտրական ցուցակներում գրանցվածների քանակի արհեստական եւ, ցավոք սրտի՝ արդեն անհաղթահարելի առավելությունը:

Այս, ինչպես նաեւ մի շարք այլ գործընթացների պատճառով իրական ընտրողների կայուն մեծամասնությունը (շուրջ 700-800 հազար), իր կամքին հակառակ, հարկադրաբար հայտնվում է ռեժիմի կատարյալ վերահսկողության ներքո:

Այս վերահսկվող ընտրազանգվածը գոյանում է պաշտոնական տվյալներով պետական հատվածում զբաղված 250.000 բյուջետային աշխատողներից (թերեւս, միակ ճշգրիտ պաշտոնական վիճակագրական տվյալն է) եւ նրանց ընտանիքների անդամներից, բանակում ծառայող շուրջ 40.000 զինակոչիկներից եւ նրանց մի մասի՝ ռեժիմի ազդեցության տակ գտնվող ընտանիքների անդամներից, քրեաօլիգարխիկ տնտեսության հատվածում զբաղված հարյուր հազարավոր քաղաքացիներից եւ նրանց ընտանիքների անդամներից, ինչպես նաեւ սոցիալական ծանր վիճակի եւ տարաբնույթ այլ պատճառներով ռեժիմի ազդեցությանը ենթակա հարյուր հազարավոր քաղաքացիներից:

Գաղտնիք չէ նաեւ, որ տնտեսության պետական եւ քրեաօլիգարխիկ հատվածների սերտաճման հետեւանքով ռեժիմն այս վերահսկելի ընտրազանգվածի նկատմամբ վարչականի եւ տնտեսականի հետ միասին ձեռք է բերում նաեւ սոցիալ-մշակութային ազդեցության լուրջ լծակներ, ինչի պատճառով վերը նշված թվերը կմնան ամուր եւ հաստատ, իսկ եթե փոփոխվեն, ապա միայն՝ ավելանալու ուղղությամբ:

Դրա փոխարեն շեշտակի նվազում է տնտեսապես եւ քաղաքականապես անկախ ու ակտիվ ընդդիմադիր ընտրազանգվածը: Արդեն 2013 թ. ամբողջ իրական ընդդիմադիր ընտրազանգվածը հազիվ վերը նշված թվերի սահմաններում լիներ: Թերեւս կարիք չկա ապացուցելու, որ 2013 թ. ռեժիմի թեկնածուի կեղծ հաղթանակը տեղի է ունեցել առավելապես արհեստական ձայների գումարման, այլ ոչ թե քվեների գողության պատճառով: Ուստի բոլոր ընդդիմադիր ձայների պաշտոնապես արձանագրված 660.116 թիվը շատ հեռու չէր իրականությունից: Մինչդեռ միայն արտագաղթի պատճառով 2013 թ. համեմատությամբ մինչեւ 2017 թ. մենք կունենանք մոտ 100.000 ընդդիմադիր իրական ընտրազանգվածի կորուստ: Ուստի, եթե ոչ այս պահին, ապա 2017 թ. ռեժիմն ի վիճակի կլինի ընտրությունների մեխանիզմի միջոցով հաղթահարելու ժողովրդի մեծամասնության կամքը եւ անգամ կարիք չի ունենա օգտագործելու արհեստական ձայների առավելությունը:

Դիմադրական ներուժի ահագնացող նվազման պայմաններում իրական ընտրողների վրա ռեժիմի ազդեցության այսպիսի աճումն իր հերթին ակնհայտորեն ապացուցում է, որ բացարձակապես իրատեսական չէ նաեւ այն ծրագիրը, ըստ որի՝ հնարավոր է մոբիլիզացնել մի քանի հազար սկզբունքային եւ գիտակից կողմնակիցների ու ընտրատեղամասերում ընդդիմադիր ձայները պահպանելու միջոցով արդյունքի հասնել: Եթե տեսականորեն ընդունենք, որ այդ քայլը մեզ կհաջողվի, միեւնույն է, արդյունք չենք ունենալու, որովհետեւ, ինչպես վերեւում նշվեց, ռեժիմն արդեն վերահսկում է իրական ընտրողների մեծ մասին եւ այլեւս կարիք չունի կեղծիքներ կատարելու:

Ուստի ռեժիմին հեռացնելու միակ տարբերակը ժողովրդական ընդվզումն է: Ակտիվ եւ ընդվզելու պատրաստ քաղաքացիները պետք է հավաքվեն հրապարակում եւ վերածվեն քաղաքացիական անհնազանդության ունակ միասնական ու կազմակերպված ուժի:

Միայն այդ դեպքում կառաջանա ընդդիմադիր իրական ուժի բեւեռ, ինչի շնորհիվ էապես կչեզոքացվի ռեժիմի վարչական, տնտեսական ու սոցիալ-մշակութային ազդեցությունը, եւ նրա վերահսկողության տակ գտնվող քաղաքացիները նույնպես կկարողանան կամք դրսեւորել ու մաս-մաս միանալ իրենց հայրենակիցներին: Եվ միայն այդ դեպքում ժողովուրդը կվերածվի անհաղթահարելի ուժի ու կհեռացնի հանցավոր ռեժիմին: