տուն Լուրեր Ռեկտորը՝ դասադուլավորների հետ հաշվեհարդար տեսնելու մասին

Ռեկտորը՝ դասադուլավորների հետ հաշվեհարդար տեսնելու մասին

144
0

դասադուլ

Արդեն 4-րդ օրն է` ուսանողները շարունակում են դասադուլն ընդդեմ տարկետման իրավունքի վերացման: «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր՝ իրեն լուրեր են հասնում, թե փորձում են հետապնդել ուսանող  ակտիվիստների: Խոսակցություններ կան, որ ԵՊՀ-ի ղեկավարությունը հաշվեհարդար է տեսնելու ուսանողների հետ: Araratnews.am-ը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ՝  լուրերի իսկությունը պարզելու: Ռեկտորը հերքեց ուսանողների հետ հաշվեհարդար տեսնելու մասին լուրերը:

Հետաքրքրվեցինք՝ իսկ թե դասադուլ անող ուսանողների բացակաները դրվո՞ւմ են: «Ինչպես բոլոր ուսանողներինը, այնպես էլ դասադուլ անողներինը, երեւի, դրվում են: Դա ընդունված ձեւ է, բոլոր մատյաններում դրվում է: Ներկա-բացակա անում են՝ կարգուկանոնը պահելու համար»,- ասաց ռեկտորը:

Հնարավո՞ր է դասադուլավորների բացականերն այնքան շատ լինեն, որ  նրանք դուրս մնան համալսարանից: Արամ Սիմոնյանի պարզաբանմամբ՝ 120 ժամ բացակայության դեպքում ուսանողը նկատողություն է ստանում.  «Ինչո՞ւ պիտի բացառություն անեմ դասադուլ անող ուսանողների համար, որոնք բացակայում են դասերից դասադուլների պատճառով»:

Արամ Սիմոնյանը չի կարծում, որ դասադուլների պատճառով ուսանողները դուրս կմնան համալսարանից: «Սովորաբար բացակաների համար  ուսանողներին համալսարանից չենք հեռացնում»,- հավաստիացրեց ԵՊՀ ռեկտորը:

Սոնա Դավթյան