Հրազդան քաղաքում՝ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի կենտրոնական ընտրական շտաբում այսօր տեղի ունեցավ ընտրությունների արդյունքների հրապարակայնացման եւ ձայների հաշվարկի վերահսկման նպատակով ստեղծված նոր կայքի՝ realelections.am-ի (Իրական ընտրություններ) շնորհանդեսը: Ըստ հեղինակների («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)՝ կայքը այլընտրանքային տարբերակ է, որով հնարավոր կլինի հետևելու հետևել համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքին:
«Կայքը կոչվում է realelections.am ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անվանումն է՝ elections.am։ Realelections.am-ով մենք ուզում ենք ցույց տալ այն տվյալները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ֆիքսելու են տեղում (նկատի ունի ընտրատեղամասերում-հեղ.) եւ առցանց, իրական ժամանակի պայմաններում ներկայացնելու են քաղաքացիներին»,- իր խոսքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Կուսակցության վարչության անդամ Հակոբ Արշակյանն էլ, որը համակարգել է աշխատանքները, կայքը ներկայացնելիս ասաց՝ ընտրական գործընթացքում երկու օպերատիվ տվյալների կարիք է լինում:
«Ընտրությունների ընթացքում կարիք է լինում իմանալու, թե մասնակցության թիվը որքան է, որը մեզ հնարավորություն է տալիս վերահսկելու բոլոր տեղամասերում մասնակիցների թիվը։ Այդպես շատ հեշտությամբ կարելի է հայտնաբերել լցոնումները։ Դրա համար անհրաժեշտ է լինում տեղեկատվություն յուրաքանչյուր տեղամասից՝ կոնկրետ ժամերի որքան մասնակից է եղել»,- ներկայացրեց ՔՊ վարչության անդամը:
Ի դեպ կայքն առաջին անգամ կփորձարկվի ապրիլի 17-ին՝ Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: