ՌԴ-ում հունվարի 31-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացած 2 եւ վիրավորված 3 անձինք ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Նրանց փոխանցմամբ, վիրավորներին ՀՀ տեղափոխելու հարց դեռեւս չի քննարկվում:
Այս պահին հայտնի է մահացածների անունները՝ Հրայր Վարդանյան եւ Արմեն Խուրշուդյան, ինչպես նաեւ վիրավորներից մեկի՝ Վախթանգ Սարգսյանի անունը:
Ըստ տեղական 47News լրատվամիջոցի՝ փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու (մոտ 360 հազար ՀՀ դրամ) համար ծագած վեճը:
Պարզվել է, որ վեճն առաջացել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի միջեւ, երբ նրանցից մեկը՝ ոմն Արթուր, ներդրել է 60 հազար ռուբլի: Վերջինս էլ մի խումբ երիտասարդների ուղարկել էր սրահ՝ հարցը լուծելու եւ իր գումարը հետ ստանալու պահանջով: Զինված երիտասարդները, սակայն, հանդիպել են սրահի աշխատակիցների դիմադրությանը, ինչից հետո կրակոցներ են հնչել:
Արդեն հայտնի են փոխհրաձգությանը մասնակցած բոլոր անձանց տվյալները, ինչպես նաեւ հայտնաբերվել է Արթուրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 31-ին երեկոյան ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով, որից էլ կրակ է բացվել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ:
Ականատեսի պատմելով՝ սրահում գտնվողները եւս զինված են եղել:
Պարզվել է, որ հրաձգության հետեւանքով սպանվել են 60-ամյա Հրայր Վարդանյանը եւ 45-ամյա Արմեն Խուրշուդյանը: Հիվանդանոցում են գտնվում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը եւ 50-ամյա տղամարդ, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Սպանվածներից Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից է: