Lenta.ru-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանի հետ համագործակցության և ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին:
Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում ռուսական գործոնի նշանակությունը նախարար Վիգեն Սարգսյանը գնահատել է այսպես.
«Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը և երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպիչ գործոն են, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսումը և նպաստում տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանմանը:
Ռուսական ռազմաբազան ընդգրկված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորախմբում: Մենք իրագործում ենք զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում՝ ելնելով անվտանգության ապահովման համատեղ շահերից, իսկ Հայաստանի հակաօդային պաշտպանության, ռուսական ռազմաբազայի ավիացիայի ու ԶՈՒ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»:
ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ 2010-ին ստորագրվել է միջպետական արձանագրություն, որով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը 25 տարուց երկարաձգվել է մինչև 49 տարի, այսինքն՝ մինչև 2044 թվականը: Նախարարն ընդգծել է, որ Ժամկետը երկարաձգելու նախաձեռնողը եղել է Հայաստանը, և բազան այժմ Հայաստանի պաշտպանության համակարգի ամբողջական մասն է: