տուն Լուրեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այլևս ընկերներ չենք. Փոստանջյան

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այլևս ընկերներ չենք. Փոստանջյան

69
0

16839706_1387910994615408_1711383526_n

Անմասն չեմ մնալու որևէ քաղաքական գործընթացից, բայց միևնույն ժամանակ այս պահին դեռ չունեմ հստակ պատասխան, թե ի՛նչ ձևաչափով կմասնակցեմ քաղաքական պրոցեսներին: Այս մասին azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նախ նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալն իր համար շատ դժվար որոշում է եղել. «Այդ որոշումը կայացնելու համար կային հիմքեր, որոնք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհին, որը անցել էր «Ժառանգությունը», և այսօր ինքը փաստացի մերժում էր իր անցած ուղին, իր արժեքային համակարգը, և այդտեղ դու պետք է կայացնեիր մի որոշում, որը վերաբերելու էր նաև քո պայքարի ընկերներին: Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնելը և տխուր, որ այդպիսի որոշում պարտավորված էի կայացնել»:

Իսկ թե ինչպիսին էր Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը այս որոշմանը, Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ իր կարծիքով՝ Հովհաննիսյանը ցանկանում էր, որ ինքը լքի կուսակցությունը. «Արձագանքն այն էր, որ նա, հավանաբար, ցանկանում էր, որ նման որոշում լիներ»:

Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ կուսակցությունը լքելու իր հայտարարությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում չի ունեցել: Հարցին՝ ի՞նչ ասելիք ունի Հովհաննիսյանին, որը գաղտնիք չէ, և կցանկանա՞, որ ժողովուրդն էլ այդ մասին իմանա, Փոստանջյանը պատասխանեց. «Ո՛չ, որևէ ասելիք չունեմ իրեն փոխանցելու: Կարծում եմ՝ մենք այլևս ընկերներ չենք»:

Ճշտող հարցին՝ միայն Հովհաննիսյանի հետ, թե «Ժառանգության» մյուս անդամների հետ ևս, նա հստակ պատասխան չտվեց, միայն ընդգծեց, որ որևէ բանի համար ինքը չի ափսոսում:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք կկարոտի՞ ԱԺ-ում աշխատանքը, Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կարելի է կարոտել այդ Ազգային ժողովը, որտեղ հայհոյում են: Չեմ կարծում, որ կկարոտեմ, որովհետև աշխատանքային պայմանները բացարձակ դյուրին չեն: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի գործունեություն ծավալելու համար թե՛ իրավապաշտպան, թե՛ քաղաքական աշխատանքային պայմանները բացարձակ հաճելի չեն: Ես չգիտեմ՝ կկարոտե՞մ, թե՞ չէ, բայց, այնուամենայնիվ, պայքարող մարդը, կարծում եմ` պայքար տանելու համար պարտադիր չէ, որ ԱԺ-ն կարոտի»: