Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» նիստերի դահլիճում՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, իր աշխատանքը սկսեց «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցում էին 187 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից:
Հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմերը: Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լիգիա Մելքումյանը, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Ռշտուն Մարտիրոսյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը, Ֆիլիպ Արզումանյանը, Գեւորգ Ղահրամանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, Գայանե Աբասյանը, Վանիկ Ալեքսանյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Միաձայն ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության Հռչակագիրը:
Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը: