«Եթե կան նման դեպքեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններ, ովքեր կպարզեն` եղե՞լ է, թե՞ ոչ: Հայտարարություն կատարելով չէ միայն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ-ի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ ՊԵԿ-ի աշխատակիցները վրաերթի են ենթարկել «Առինջ մոլի» աշխատակիցներին: Araratnews.am-ի հարցին, թե կա նաեւ համապատասխան տեսանյութ, որը նկարահանել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, եւ աշխատակիցն էլ պնդում է տեղի ունեցածի մասին, Միրումյանն ասաց, թե տեսանյութը չի տեսել: Նա դարձյալկ կրկնեց, որ եթե կա նման երեւույթ, ապա համապատասխան մարմինները պետք է զբաղվեն:
Միեւնույն ժամանակ ՊԵԿ-ի փոխնախագահն ասաց, որ հարկային մարմինները օրենսսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն կիրառել ֆիզիկական ուժ, որն իհարկե սահմանափակումներ ունի: Մասնավորապես, եթե հարկային մարմնի ներկայացուցիչը ենթարկվել է հարձակման:
Ինչ վերաբերում է «Առինջ մոլում» կատարվող ստուգումներին, ապա Միրումյանն ասաց, որ համապատասխան ռիսկային չափանիշներ կան, որոնց հիման վրա մեկ տարի առաջ հայտարարվում է ստուգումներ իրականացնելու մասին:
Փայլակ Ֆահրադյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: