Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հարվածը կարող է լինել Ադրբեջանի ուղղությամբ:
«Ակնհայտ է, որ Պուտինն ուղղակի նայում է շուրջբոլորը և ընտրում հաջորդ հարվածի ուղղությունը: Նման խաղաղեցման քաղաքանությունը կամ իրավական շրջանակներից դուրս փոխզիջումների փնտրտուքը անխուսափելիորեն կբորբոքի նրա ախորժակը: Նրա իշխանությունը հիմնականում հենվում է հողեր հավաքողի կերպարի վրա: Այդ պատճառով պետք չէ կասկածել, որ ունենալով նման հարուստ ընտրություն հարվածի համար` Մերձբալթիկա, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան և Ղազախստան, Պուտինը կգտնի իր համար նոր թիրախ, քանի որ դա դառնում է, ավելի ճիշտ` դարձել է պուտինյան քարոզչության հիմքը», — ասել է Կասպարովը` ելույթ ունենալով «Օսլոյի ազատության ֆորումի» ժամանակ: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքերով` Ռուսաստանը չի կարող այնքան գոյատևել, որքան ողջ է մնալու Պուտինը: «Այդ պատճառով` ես կարծում եմ, որ կլինեն որոշ ներքին իրադարձություններ, խռովություններ, որոնք անխուսափելիորեն պամանավորված են լինելու քաղաքական և տնտեսական պատճառներով, որոնցում ընկղմվում է Ռուսաստանը: Իսկ ով և ինչպես է օգնելու Պուտինին հեռանալ իշխանությունից՝ այսօր դժվար է կանխատեսել», — ասել է Կասպարովը` նշելով, որ Ղրիմի հարցում չեն կարող լինել բանակցություններ, քանի որ կատարվել է հանցագործություն, որի համար Ռուսաստանը պետք է ելքեր գտնի, իսկ որոշ մարդիկ` պատասխանատվության ենթարկվեն: