Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրի Գերագույն Ռադային օրինագիծ է ներկայացրել, որով Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում 3 տարով ինքնակառավարման հատուկ կարգ է սահմանվում: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Օրինագիծը նախատեսում է երկրամասում տեղական ընտրությունների անցկացում: Արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի նոյեմբերի 9-ին: Ընդ որում, այդ ընտրություններով ընտրված օրենսդիրների ու այլ պաշտոնյաների պաշտոնավարումը ժամկետից շուտ կասեցման ենթակա չէ:
Բացի դրանից, պետությունը պետք է ապահովի ռուսերենի կամ որևէ այլ լեզվի օգտագործումը «հասարակական ու անձնական կյանքում, դրա ազատ զարգացումն ու իրավահավասարությունը»:
Պաշտոնական Կիևը նաև երաշխավորում է ապստամբական շարժմանը մասնակցած անձանց ազատությունը. նրանք չեն ենթարկվելու քրեական կամ որևէ այլ հետապնդման: Նշվում է, որ հիշյալ փաստաթուղթը Ռադայի օրակարգը է մտել այսօր: