տուն Լուրեր Պոլիկլինիկաներում բարեփոխումներ կիրականացվեն

Պոլիկլինիկաներում բարեփոխումներ կիրականացվեն

128
0

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնցից մեկը վերաբերում է  առաջնային օղակի հիմնարկներում՝ պոլիկլինիկաներում, փոփոխություններ կատարելուն: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչ  բարեփոխումների մասին է խոսքը:

Գործադիր մարմնի անդամի խոսքով՝ նախ եւ առաջ բժշկի որակը պետք է փոխվի. «Այդ գործընթացը տեւում է 2-7 տարի: Ամեն ինչ սկսվում է ուսումնական ծրագրերից եւ օրենսդրական ակտերից: Պոլիկլինիկաների  բարեփոխման նախագիծը նախարարությունում է: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ եւս քննարկել ենք այս հարցը»:

Նախարարին հարցրինք՝ պոլիկլինիկաներին հատկացվող  միջոցներով հնարավո՞ր է հասնել  առաջնային օղակի հիմնարկների որակական փոփոխության:  Ֆինանսական միջոցները, Լեւոն Ալթունյանի խոսքով,  որակի հետ կապ չունեն. «Որակի փոփոխությունը պայմանավորված է  ուսումնական ծրագրերով, միջազգային չափանիշներին ինտեգրվելով, որոնցից մեկը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն է»:

Առաջնային օղակի հիմնարկների բուժաշխատողները հաճախ հիվանդներին ոչ պատշաճ վերաբերմունքն ու  մատուցված ծառայությունները բացատրում են իրենց ցածր աշխատավարձով: Աշխատավարձն ու  ցածր որակը, ըստ նախարարի, կապ չունեն միմյանց հետ: «Դա նույնն է, որ ասենք՝ լողալը սովորեք, ջուրը կլցնենք: Մարդն աշխատում է այնպես, ինչպես կարող է: Սովորում  է այն որակով, որն ընդունված է այդ համակարգում: Գաղտնիք չէ, որ մեր երիտասարդների մեջ մոդայիկ չէ սովորելը: Փողոցում ավելի շատ են լինում, քան լսարաններում: Սա մոդա է, որը պետք է  ջարդել»,- ասաց կառավարության անդամը:

Առողջապահության նախարարի տեղեկացմամբ` պոլիկլինիկաների բարեփոխման առաջին քայլը բուժհաստատությունների օպտիմալացումն է, անհրաժեշտ բուժծառայությունների հաշվարկը. «Ամեն բնակավայրում մեկ պոլիկլինիկա, ամեն շենքին՝ մեկ բժիշկ՝ առաջ այսպես էին զարգանում, որի պատճառով գումարը փոշիանում էր: Հիմա  պոլիկլինիկաներին տրվող պետբյուջեի միջոցները կենտրոնացնում ենք եւ կարևորում անապահով խավերին ծառայություններ մատուցելը բյուջեի հաշվին»:

Սոնա Դավթյան