Araratnews.am-ը բազմից անդրադարձել է առողջապահության ոլորտի խնդիրներին, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման օղակի՝ պոլիկլինիկաների վիճակին:
Այն, որ այցելուները դժգոհ են առողջության պահպանման առաջնային օղակի ծառայություններից, բժիշկների վերաբերմունքից, փաստ է, սակայն պարզվում է՝ առաջնային օղակում խախտվում են ոչ միայն հիվանդի, այլեւ բժշկի իրավունքները:
Խնդրի մասին Araratnews.am-ը զրուցել է բժիշկներից մեկի հետ։ Վերջինս համաձայնեց մեզ ներկայացնել ոլորտի ներքին խոհանոցը, խնդիրները, եթե իր անունը չհրապարակենք: Մենք համաձայնեցինք։
Խոսենք պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների աշխատավարձից: Մինչեւ 2018 թ-ի հեղափոխությունը բոլոր պոլիկլինիկաների ղեկավարությունը ներքին կարգով բժիշկներին պարտադրում էին 12 ամիս գանձարկղ վճարել ջեռուցման գումարը, որի պատճառով նա իր աշխատավարձի մի մասը փաստացի, «կամավոր-պարտադիր» նվիրում էր առաջնային օղակին, ինչի շնորհիվ ղեկավարները իրենց վերադասին ցույց էին տալիս, թե իբր պոլիկլինիկան ներդրումներ ու շահույթ է ունեցել:
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո այդ երեւույթը վերացավ: Այսօր առաջնային օղակի բժիշկների միջին աշխատավարձը առանց հարկերի 150.000 դրամ է, բուժքույրերինը՝ 95.000 դրամ:
Եւս մեկ դրական փոփոխություն: Բժշկի խոսքով՝ նախկին իշխանության օրոք բժիշկներն իրավունք չունեին անգամ պահանջելու աշխատանքային պայմանագրի իրենց օրինակը, եթե չէին ցանկանում անգործ մնալ: Հիմա, սակայն, իրավիճակ է փոխվել:
Պոլիկլինիկաներում հիվանդների հետ ամենաշատ առնչվում են թերապեւտները, որոնք իրավունք ունեն սպասարկելու ամսական մինչեւ 2500 բնակչի: Այդ թվից ավելի շատ բնակիչ սպասարկելու համար թերապեւտը եւ ընդհանրապես մնացած բժիշկները հավելավճար չեն ստանում:
Ո՞ր դեպքում են առաջնային օղակի բժիշկները հավելավճար ստանում: Պարզվում է՝ միայն վճարովի ծառայություններից, սակայն այստեղ էլ հաշվարկը, մեր զրուցակցի խոսքով, «տարօրինակ» է: Վճարովի ծառայությունների 40 տոկոսի 70 տոկոսը ստանում է բժիշկը, 30 տոկոսն ավելանում է բուժքրոջ աշխատավարձին (եթե վճարովի ծառայությունը 5000 դրամ է, հաշվարկում են դրա 40 տոկոսը, ապա հաշվարկված գումարի 70 եւ 30 տոկոսը- հեղ.):
Պոլիկլինիկաների բժիշկների համար առանձին գլխացավանք է հիվանդի տուն գնալը՝ կանչերի ինստիտուտը, քանի որ մեքենա առաջնային օղակի բժշկին չի տրամադրվում: Բժիշկն իր միջոցներով պետք է հիվանդին այցելի: Ու այստեղ ի հայտ է գալիս ներքին պայմանավորվածությունը, այն է՝ բժիշկներից ոմանք խնդրում են հիվանդի հարազատներին մեքենա ուղարկել կամ խնդրում են հիվանդին մի կերպ տեղափոխել պոլիկլինիկա, իսկ երբեմն բժշկական տերմինաբանությամբ հիմնավորելով՝ մերժում են կանչերը:
Եւս մեկ ծախս բժշկի համար: Ամեն տարի 175.000 դրամ պետք է բժիշկը վճարի վերապատրաստման՝ 220-230 միավոր կրեդիտներ վաստակելու համար:
Մեր զրուցակից բժիշկը բարձրաձայնեց նաև մեկ այլ կարեւոր խնդրի մասին: Բանն այն է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացողների բուժզննությունը առաջնային օղակում արժի 2000 դրամ յուրաքանչյուր հետազոտության համար, իսկ ՀՀ-ի քաղաքացիների, բայց տվյալ պոլիկլինիկայի այցելու չհամարվողների համար՝ 5000 դրամ, ընդ որում, միայն խորհրդատվության համար: Գործիքային հետազոտությունը 1500-2000 դրամ է, իսկ մեկ ամսվա հսկողությունը հետազոտությամբ եւ բուժմամբ՝ 10.000 դրամ: «Սա անհեթեթություն է ու չհիմնավորված գներ»,— կարծում է բժիշկը, ապա շարունակում. «Կան հետազոտություններ, որոնց դեպքում պարտադիր է գործիքային հետազոտությունը: Հիմա, ինչքանո՛վ է արդարացված, որ 6500- 7000 դրամ վճարի քաղաքացին միայն խորհրդատվության եւ հետազոտության համար՝ առանց բուժման կուրսի»:
Բժիշկը կասկածներ ունի, որ այս գները սահմանվել են պոլիկլինիկայի գանձարկղը լցնելու համար, քանի որ հիմա բժիշկների աշխատավարձից անօրինական պահումներ չեն լինում:
Ի դեպ, խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Գրեթե բոլոր պոլիկլինիկաներում մեկ սենյակում աշխատում եւ միաժամանակ հիվանդների ընդունում է երկու բժիշկ: Սա ոչ միայն բժշկի աշխատանքային պայմանների, այլեւ բժշկական գաղտնիքի խախտում է: Որքանո՞վ է ճիշտ, որ հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկանա մեկ այլ հիվանդ, կամ հիվանդներին հետազոտեն միմյանց ներկայությամբ, հատկապես եթե տարբեր սեռի են: Դե իսկ սենյակների անմխիթար պայմաններին, ամռանը օդորակիչների բացակայությանը չարժե անդրադառնալ: Պատահական չէ, որ երբեմն բժիշկներից ոմանք գալիս են աշխատանքի կեսօրից հետո, այն դեպքում, երբ, օրինակ՝ որոշ հիվանդների դեպքում սա անթույլատրելի է: Օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդը պետք է առավոտյան արյուն հանձնի շաքարի պարունակությունը ստուգելու, բայց ստիպված է քաղցած մի քանի ժամ սպասել էնդոկրինոլոգին՝ հետազոտության անվճար ուղեգիր վերցնելու համար: Մինչդեռ շաքարային դիաբետով հիվանդը երկար քաղցած չի կարող մնալ: Այս մասին, ի դեպ, մեզ պատմեց հիվանդներից մեկը:
Մեկ դիտարկում եւս: Թիվ 3-րդ՝ «Էրեբունի» պոլիկլինիկայի կողքին է «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Երկու կառույցներն էլ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանինն են, սակայն առաջնային օղակից ուղեգրով անվճար հետազոտություն անցնելիս բժշկական կենտրոնի լաբորատորիան պատասխանը տալիս է միայն հաջորդ օրը, եթե բժիշկը հատուկ չի զգուշացնում հետազոտության պատասխանի արագության մասին: Բայց անգամ այս դեպքում միշտ չէ, որ բժշկի զգուշացումը արդյունք է տալիս:
Ինչպե՞ս պետք է լուծվեն ոլորտի խնդիրները: Մեր զրուցակիցն առաջարկում է կառավարությանը, որ առողջության պահպանման առաջնային օղակները՝ պոլիկլինիկաները, ամբողջությամբ չլինեն քաղաքապետարանի ենթակայության տակ: Առողջապահության նախարարությունը եւս պետք է լծակներ ունենա միջամտելու այդ օղակների վերահսկողությանը, քանի որ մեծ մասամբ նախարարությունը համամիտ է բժիշկների դժգոհությանը, սակայն ի պաշտոնե չի կարող միջամտել:
Երկրորդ առաջարկը, բնականաբար, առաջնային օղակի ֆինանսավորման ավելացումն է, որն անհրաժեշտ է նախեւառաջ բուժսարքավորումներ գնելու համար:
Հ.Գ. Այսքանից հետո հարց է առաջանում. արդյոք բժիշկը 150.000 դրամ աշխատավարձի ու այսքան ծախսերի դեպքում կարո՞ղ է զերծ մնալ, օրինակ՝ դեղատների հետ գաղտնի չհամագործակցելուց, հիվանդին այնտեղ չուղղորդելուց եւ անօրինական այլ գործարքներից, եթե արժանապատիվ չի վճարվում:
Սոնա Դավթյան