տուն Լուրեր ՊՆ-ում կադրային փոփոխություններ կլինեն.նախարար

ՊՆ-ում կադրային փոփոխություններ կլինեն.նախարար

143
0

serj-vigen

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփում է պաշտպանության նախարարության վերջին մեկ տարվա գործունեությունը:

Նա հայտարարեց, որ այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով, որոնցից կարեւորագույնը «ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր:

Պաշտպանության նախարարության կողմից առաջ քաշված ու հաջողություն արձանագրած ծրագրերից նախարար Վիգեն Սարգսյանն առանձնացնում է «Պատիվ ունեմ»-ը և «Ես եմ»-ը:

«Տարին առանձնացավ բացառիկ լայն հանրային քննարկմանբ: Առաջին անգամ էր, որ առաջարկվող քաղաքականությունն այդքան լայն հանրային քննարկում ունեցավ, մինչև օրենքի մեջ ներառվելը»,- նշեց նախարարն ու հիշեցրեց, որ ծրագրերը քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի, ԱԺ խմբակցությունների, երիտասարդական կազակերպությունների, բուհերի ռեկտորների, գործարար շրջանակների, մտավորականների հետ:  Այդ քննարկումների ու սոցիոլոգիական հարցումների միջոցով դրական ազդեցություն են ստացել, ապա ծրագրերը ներկայացվել են Կառավարություն, ապա և Ազգային ժողով:

Սարգսյանը  մատնանշեց նաև սոցիալական ապահովության փաթեթը, որտեղ կարևորեց Զոհված և հաշմանդամություն ստացող զինծառայողների հիմնադրամի ստեղծումը: «Այս մեկ տարվա ընթացում հիմնադրամն ապացուցեց իր կենսունակությունն ու այն սկզբունքները, որոնք դնում էինք հիմքում: Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է իրագործել այնպես, որ որևէ լումա չի ծախսվել ու չի ծախսվելու հիմնադրամի աշխատակազմի պահպանման համար, հիմնադրամի աշխատակիցները հիմնականում ԿԲ աշխատակիցներ են, իսկ բոլոր հավաքագրված միջոցները կարելի է տեսնել 1000+.am կայքում»: Նախարարը նաև ասաց, որ առաջիկա օրերին այցելելու է տարվա ընթացքում հիմնադրամի շահառու դարձած ընտանիքներ:

Վիգեն Սարգսյանը նաև կարևորեց զոհված զինծառայողների ու կարիք ունեցող ընտանիքների բնակարանային որոշ խնդիրների լուծումը, հիշեցնելով, որ տարիներ շարունակ ցուցակ է կուտակվել, և այս տարի ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի: Այս ընտանիքները կստանան վկայականներ, որոնցով նոր կառուցվող շենքերում կստանան ամբողջությամբ նոր կառուցվող բնակարաններ:

Երրորդ կարևոր ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանի ու հասարակական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսօր այնտեղ կառուցվող գերժամանակակից վերականգնողական կենտրոնն է: «Գերկարևոր խնդիր է սա, որովետև մարդիկ, ովքեր հայրենիքի համար զոհել են իրենց առողջությունը, պետք է պաշտպանված զգան իրենց հասարակության մեջ»:

Նախարարը նաև հայտնեց, որ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ այս տարի 10 տոկոսով խնայումներ են կատարվել գնումների ոլորտում, և այդ գումարներն ուղղվելու են սպառազինությունների ավելացմանը: Սպառազինություններից խոսելով էլ՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց. «Սպառազինությունների հագեցման տեսակետից տարին բավական հաջող էր, և այդպես էլ շարունակվելու է»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բնական աշխատանքային գործընթաց է որակում նախարարությունում վերջին կադրային փոփոխությունները: «Զինվորական ծառայության մեջ շատ կարևոր է ռոտացիոն մոտեցումը, ու որ բարձրաստիճան պաշտոնյաները փոխեն իրենց ոլորտը. դա կարևոր է խնդիրները լուծելու համար»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ մի շարք փոփոխություններ եղել են ու առաջիկա օրերին ևս լինելու են:

«Հետագա աշխատանքի բարձրացման խնդիր կա, որևէ այլ բան դրա մեջ ման գալ պետք չէ: Բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ»,- հավելեց Վ. Սարգսյանը:

Նա նաև հայտնեց, որ գնալու են քայլի, որով կրճատվելու է բարձրաստիճան պաշտոնյաների թիվը, այսինքն՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, ձգտում են, որ բաժինները դառնան ավելի օպտիմալ: