տուն Լուրեր ՊՆ-ն առաջարկում է զորակոչը ԶՈՒ Գլխավոր շտաբից փոխանցել Պաշտպանության նախարարությանը

ՊՆ-ն առաջարկում է զորակոչը ԶՈՒ Գլխավոր շտաբից փոխանցել Պաշտպանության նախարարությանը

93
0

82876_b

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն քննարկվել է անվտանգության խորհրդի նիստում, ապա՝ կառավարությունում և խորհրդարանական լսումների ժամանակ։

«Մի քանի նպատակ է հետապնդում նախագիծը, որպեսզի 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունները  արտացոլված լինեն օրենսդրական դաշտում, ինչպես նաև նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի առաջացումը»,-ասաց նա։

Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ այս առաջարկվող փոփոխության՝ Զինված ուժերը գտնվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:

«Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում»,-ասված է նախագծում։ («Պաշտպանության մասին» օրենք, հոդված 16):

Նախագծում նշվում է նաև, որ ՀՀ կառավարության առաջարկությամբ խորհրդարանը կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում (հոդված 6):

Փոփոխություններից մեկն էլ այն է, որ զորակոչը  ԶՈՒ Գլխավոր շտաբից փոխանցվելու է Պաշտպանության նախարարությանը։

Նախարարի խոսքով՝ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին լայն մոտեցում է արտացոլում:

Նյութի աղբյուրը՝ hetq.am