տուն Լուրեր Փորձագիտական կենտրոնի փլուզման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Փորձագիտական կենտրոնի փլուզման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

84
0

Արդարադատության նախարարության «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով, Երևանի Արշակունյաց պող. 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԱՆ Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ Արայիկ Դավթի Կարապետյանը, Մուշեղ Ֆելիքսի Հարությունյանը, Գրիգոր Սողոմոնի Մարտիրոսյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Արայիկ Դավթի Կարապետյանը, առանց գիտակցության գալու, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատատեխնիկական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: