ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն այսօր Կառավարության նիստում ճանապարհային անվտանգության ապահովման մասին օրենքների նախագծերի փաթեթ ներկայացրեց:
Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ներկայացված փաթեթով թեթեւացնում են քաղաքացիների բեռը: «Նոր մեխանիզմը դուրս է «զանցանք», «հանցանք» մոդելից: Այն կոնկրետ իրավախախտումների համար «զանցանք», «տուգանք», «տուգանային միավոր» կամ «բալեր» (միավորների — խմբ.) եռամիասնության կիրառում է, որը կբարձրացնի վարչական իրավախախտումների ընդհանուր կամ կանխարգելման արդյունավետությունը»,- ասաց ոստիկանության պետի տեղակալը:
Ոստիկանությունը, Հովհաննես Քոչարյանի խոսքով, վերագնահատել է մի շարք տուգանքների, զանցանքների հանրորեն վնասակար աստիճանը: «100 իրավախախտումներից 26-ի դեպքում մեղմացվել են տուգանքները: Բյուջետային մուտքերը կկրճատվեն 2.7 միլիարդով, որը զգալիորեն թեթեւացնում է քաղաքացիների սոցիալական կամ վարչական բեռը»,- մանրամասնեց նա:
Ոստիկանության պետի տեղակալը խոսեց նաև պատահարների մասին: Նրա խոսքով՝ վիճակագրությունը մտահոգիչ է: «Տուգանքների չափերի բարձրացումը, որը իրավախախտումներին արձագանքելու միակ գործիքն էր, այլեւս ի զորու չէ նվազեցնել պատահարները: Ավելին՝ տուգանքների բարձրացումը լուրջ դժոգոհություն է առաջացրել եւ հանրությանը հետապնդելու համոզմունք: Վարորդներին վկայական տալուց հետո նրանք մեկ տարի կունենան 9 միավոր, խախտում անելիս միավորներ կհանվեն: Խոսքը մեկ, 0.5 միավորի մասին է: Եթե մեկ տարում 9 միավորը սպառվում է, ապա վարորդը կզրկվի տրանսպորտային միավորը վարելու իրավունքից 6 ամսով: 6 ամիս հետո կվերականգնվի եւ նորից կտրվի 9 միավոր: Կրկին 9 միավորը սպառելիս վարորդը մեկ տարով է զրկվում տրանսպորտային միջոցը վարելուց: Վարորդը կարող է նորից տրանսպորտային միջոցը վարել տեսական եւ գործնական քննություն հանձնելուց հետո»,- տեղեկացրեց ոստիկանության ներկայացուցիչը:
Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ իսկ եթե վարորդը, որին առաջին անգամ 6 ամսով զրկել են տրանսպորտային միջոցը վարել, կարողանա 3 ամիս անց քննություն հանձնել եւ դրական ցուցանիշ արձանագրել, կստանա վարորդական իրավունք: Իսկ եթե վարորդը ունի 3 եւ պակաս միավորներ, նա կարող է տեսական քննություն հանձնել եւ 2 միավոր ստանալ: «Տուգանային միավորները նախատեսված են 100 իրավախախտումից 20-ի համար, որոնք ամենաշատն է արձանագրում ոստիկանությունը»,- փաթեթից մեջբերեց Հովհաննես Քոչարյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ պատահարների մեծ մասը ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետևանք է: Վիճակագրությունը նախատեսում է խստացնել պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարողների համար: «Եթե վարորդը միայն ալկոհոլի տակ է, մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում մեկ գրամը, ապա նախատեսել 29.000 դրամ տուգանք՝ 150.000-ի փոխարեն եւ 4 տուգանային միավորից զրկում: Նույն արարքի կատարումը մեկ տարում կառաջացնի վարորդական իրավունքից զրկում 6 ամսով: Իսկ եթե նույն քանակով ալկոհոլ հայտնաբերվի ընդհանուր տրանսպորտային միջոց կամ տաքսի վարող վարորդների արյան մեջ, ապա կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսով: Արյան մեջ ալկոհոլի մեկ գրամը գերազանցելու դեպքում նույն արարքները կատարելու համար գործող 2000 դրամ տուգանքի փոխարեն վարորդն իրավունքից կզրկվի մեկ տարով: Իսկ եթե վարորդն օգտագործել է հոգեմետ դեղեր կամ թմրամիջոցներ, վարորդական իրավունքից կզրկվի 2 տարով:
Փաթեթն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 6 ամիս հետո: