տուն Լուրեր Փոփոխություններ՝ պետական ապարատում

Փոփոխություններ՝ պետական ապարատում

110
0

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:  Նախագիծը սահմանում է Կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Կառավարության անդամների գործունեության երաշխիքները:  Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Նախարարությունների թվի կամ կազմի փոփոխություն չի լինի և դրանք կլինեն այնպես, ինչպես այժմ է՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
2) առողջապահության նախարարությունը.
3) արդարադատության նախարարությունը.
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.
5) արտաքին գործերի նախարարությունը.
6) բնապահպանության նախարարությունը.
7) գյուղատնտեսության նախարարությունը.
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.
9) կրթության և գիտության նախարարությունը.
10) մշակույթի նախարարությունը.
11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.
12) պաշտպանության նախարարությունը.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
14) սփյուռքի նախարարությունը.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.
16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.
17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
18) ֆինանսների նախարարությունը:

Նոր Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն: Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին:

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա ըստ նոր օրինագծի՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:

Օրինագծով նաև սահմանվում են վարչապետի հրաժարականի հիմքերը. ինչ վերաբերում է Կառավարության հրաժարականին, ապա Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: