տուն Լուրեր Փոփոխություն՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող վարորդների համար

Փոփոխություն՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող վարորդների համար

159
0

վարորդալկան

ՀՀ առողջապահության նախարարը  գործադիր մարմին մի նախագիծ է ներկայացրել,  որով կկարգավորվեն ֆիզիկական խնդիր ունեցող անձանց վարորդական իրավունք ստանալու հարցը: Araratnews.am- ը կառավարության նիստի օգոստոսի 31-ի օրակարգից տեղեկանում է, որ առողջապահության նախարարն առաջարկում է լրացում կատարել  ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման մեջ:

Հիշեցնենք` որոշմամբ սահմանվել են վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը: Որոշումը սահմանում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Այդպիսիք են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումը, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

Սակայն  որոշումով չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված:

Խնդրի մասին բարձրաձայնում են 2014 թ.-ից, որին անդրադարձել է անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2014 և 2015 թվականների տարեկան հաղորդումներում:

Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ որոշման մեջ փոփոխություն կատարելուց հետո կսահմանվի ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի շնորհիվ կհստակեցվի, թե ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարեն տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ