Սարի թաղում հուլիսի 19-ից էլեկտրա- եւ գազամատակարումը դադարեցված էր, թաղամասը զրկած էր նաեւ հասարակական տրանսպորտից: Այդ օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գտնվում էր «Սասնա ծռեր» խմբի վերահսկողության ներքո, իսկ իրավապահ մարմինները զինված հերթապահում էին Սարի թաղում: Բնակիչներն իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու նպատակով հուլիսի 19-ին փորձել են պարզաբանում ստանալ ոստիկաններից: Խոսակցությունը սկզբում նորմալ է ընթացել, հետո իրավապահները զենք են ցուցադրել՝ այդկերպ նպատակ ունենալով վախեցնել հավաքվածներին. ի հետևանք՝ բախումներ են սկսվել սարիթաղցիների եւ իրավապահների միջեւ:
Բախումների պատճառով թաղամասի բնակիչներից շատերը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ ձերբակալվել են: Սարիթաղցի ինը բնակիչ առ այսօր կալանավորված է: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` ծանր մարմնական վնասվածք հասցնել ոստիկանության աշխատակցին: Կալանավորվածներից Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում ծանր մարմնական վնասվածքներ ոստիկանները չեն ստացել: Եղբորը ձերբակալելուց երկու օր անց, երբ այցելել են նրան, ձերբակալվածներին պահելու վայրում տեսել են նույն այն ոստիկանին, ով հայտարարել էր, թե գլխի շրջանում վնասվածքներ է ստացել:
Հարեւան փողոցում է ապրում Նարինե Ղազարյանը, ում ամուսնուն եւս կալանավորել են նույն հիմքով: Մեղադրող դատախազը դատարանին է ներկայացրել մոնտաժված տեսանյութ՝ ասում է Նարինեն, որտեղ բացակայում են այն կադրերը, թե ինչից է սկսվել բախումը: Նարինեն պատմեց, որ հուլիսի 19-ին ամուսինը թաղամասի տղաների հետ փորձել է պարզաբանումներ ստանալ, թե ինչու են օրեր շարունակ զրկված էլեկտրաէներգիայից: Նրանց է մոտեցել ոստիկանության աշխատակից Գագիկ Զոհրաբյանը, ով Սարի թաղի բնակիչ է, սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել հավաքվածների հասցեին, ասելով, թե ով եք, որ այստեղ հավաքվել եք: Ոստիկանները հրահրել են բախումները, ի հետևանք՝ երիտասարդները հայտնվել են կալանավայրում:
Նարինեն էլ մյուսների նման ցանկություններ քիչ ունի: Խնդրում է, որ ամուսնուն օր առաջ ազատ արձակեն: Թաղամասի բնակիչները նամակներ են հասցեագրել ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ Սերժ Սարգսյանին: Ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, հատկապես որ Սարգսյանը հայտնի իրադարձություններից հետո առանձնակի շնորհակալություն հայտնեց ոստիկաններին:
80-ամյա Օֆելյա Ենգիբարյանն էլ թոռանն է ցանկանում ազատության մեջ տեսնել: Ամեն օր տանից դուրս է գալիս, կանգնում փողոցի բանուկ մասում, հույս ունենալով, որ թոռանը՝ Սարգսին, կտեսնի: Երեք անչափահասների հայր է՝ արցունքն աչքերին պատմում է Օֆելյա տատիկը: Նրան էլ են մեղադրում իշխանության ներկայացուցչին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Կիսախարխուլ այս տանն էլ ապրում է Զեյթունյանների երեքհոգանոց ընտանիքը: Էդուարդ Զեյթունյանին էլ մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել: Կինը՝ Լալա Բեռնեցյանը, ով տարիներ առաջ կորցրել էր 8-ամյա որդուն, միակ դստեր հետ ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Ամուսինը ընտանիքի միակ կերակրողն էր, հիմա հայտնվել են անելանելի դրության մեջ:
Փոքրիկ Անուշիկը դպրոցում լավ է սովորում: Միայն թե առաջվա նման ուրախ չէ: Դպրոցում աստղիկներ է ստանում, ուրախությունը հայրիկի հետ կիսել չի կարողանում: Մեկ-մեկ էլ դպրոց չի գնում: Մայրիկի հետ դատական նիստին է մասնակցում, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնում: Փոքրիկ Անուշիկի երազանքները տարբերվում են իր հասակակիցների երազանքներից:
Մինչեւ հուլիսյան հայտնի իրադարձություններն այս մարդկանց միավորում էր հարեւան լինելու հանգամանքը: Հիմա արդեն բախտակիցներ են համարվում: Մեկի ամուսինն է կալանավորված, մյուսի՝ եղբայրը, երրորդի՝ թոռը: Ամեն օր Սարի թաղի այս հատվածում նրանք հավաքվում են, պատրաստած ուտելիքից մաս առանձնացնում նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց հարազատների համար:
Իշխանություններից այս մարդիկ ընդամենը մեկ խնդրանք ունեն՝ ազատության մեջ տեսնել հարազատներին: Նրանց ամենօրյա կյանքը պայքար է՝ սեփական երկրում սեփական ընտանիքն ամուր տեսնելու պայքար:
Փայլակ Ֆահրադյան