Փողոցում նվագելը մուրացկանություն չէ, դա աշխատանք է, որը ոչ միայն գումար վաստակելու միջոց է, այլ նաև հաճույք ստանալու և մարդկանց տրամադրություն պարգևելու տարբերակ:
Երևանի փողոցներում հատկապես վերջին տարիներին շատացել են երաժիշտները, ովքեր փողոցում ճաշակով երաժշտություն են նվագում կամ երգում: Նրանցից մեկն էլ 21-ամյա Դավիթ Դանիելյանն է, որի երաժշտությունը գրեթե ամեն օր կարելի է լսել Երևանի կենտրոնական փողոցներում, հիմնականում՝ Հյուսիսային պողոտայում:
Դավիթը բուհում չի սովորել, դիպլոմ չունի, բայց սիրած աշխատանք ունի: Փողոցում նվագելուց չի ամաչում. դժվարությունները միայն սկզբում էին, հետո սովորեց, հիմա էլ առանց փողոցում նվագելու իրեն չի պատկերացնում: Նա ասում է, որ փողոցում միայն գումարի համար չէ, որ նվագում է, դա երաժշտի համար լրիվ ուրիշ հաճույք է:
21-ամյա երաժիշտը Հյուսիսային պողոտայում նախ սկսեց մենակ աշխատել, հետո ստեղծեց իր բենդը: Հիմա տղաները միասին են նվագում, որոշում երգացանկը, նաև հասցրել են միասին համերգներ տալ:
Տղաներն իրենց գործին շատ լուրջ են վերաբերվում. եթե փողոցում են նվագում, դա դեռ չի նշանակում, որ պետք է անորակ կամ թերի ինչ-որ բան անեն: Ինչպես Դավիթն է ասում, ստեղծագործությունները մինչ կնվագեն անցորդների համար, նախ դրանց վրա աշխատում են, պարապում, որովհետև իրենց լսող անցորդները նաև երաժշտությունից հասկացող մարդիկ են:
Ավելին՝ տեսանյութում:
Լրագրող՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Օպերատոր՝ ՍԱՐԳԻՍ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ