Ներկայում հանրապետությունում 915 համայնք կա, որոնց կարիքը մենք չունենք, բայց այս հարցը խոշորացման ձևով լուծելը սխալ մոտեցում է: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Նման ձևով խնդիր չեն լուծում: Փողը չի շատանում նրանից, որ մարդը երեք համայնքից մեկի կենտրոնն է գնում: Համայանքներում պրոբլմները նույնն են մնում, փողը չի շատանում, ուստի խոշորացումն անիմաստ է», -նշեց նա:
Վերջինս շեշտեց, որ համայնքներում ընտրությունների ինստիտուի գոյությունը ևս արդարացված չէ: Պատգամավորի դիտարկմամբ` ավելի ճիշտ կլիներ, եթե այստեղ ոչ թե ընտրություններ, այլ նշանակումներ լինեին:
«Ես դեմ չեմ փոքր խոշորացմանը, բայց նման ծավալներով խոշորացումն անիմաստ է, որովհետև դրանք ոչ մի սոցիալական խնդիր չեն լուծում: Սա քաշքշուկից բացի ոչինչ չի տա: Եթե այսպիսով պետությունը ուզում է գումար տնտեսել, ապա թող խնայողությունները կառավարական ապարատից սկսի, թող բյուջեից փող ստացողներին կրճատի, այլ ոչ թե գյուղապետարանների աշխատակիցներին»,- հավելեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց նաև, որ խոշորացման հարցում կարևոր է նաև հաշվի առնել գյուղացիների ցանկությունը, մինչդեռ այսօր գյուղացիների գերակշիռ մասը չի ցանկանում միանալ հարևան գյուղերին: