տուն Լուրեր Փող, պոպուլիզմ, վարչական ռեսուրսներ. որո՞նք են Երեւանի ավագանու ընտրությունների հիմնական դերակատարները

Փող, պոպուլիզմ, վարչական ռեսուրսներ. որո՞նք են Երեւանի ավագանու ընտրությունների հիմնական դերակատարները

185
0

7032903

Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լեւոն Մարգարյանը:

Լեւո´ն, մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Երեք քաղաքական ուժերից որի՞ սկսածը, այսպես ասենք` ավելի «կրեատիվ» էր կամ գոնե հիշվող:

ՀՀԿ-ն ի սկզբանե կրեատիվության վրա շեշտադրում չի դրել: Քարոզչական նոր տեխնոլոգիաներն էլ կկիրառվեն այնքանով որքանով: ՀՀԿ-ի ՝ էլեկտորատին կոնսոլիդացնելու մեթոդներն այլ են լինելու: Տարոն Մարգարյանն ամեն դեպքում վատ վարկանիշ չունի, և այդ հանգամանքը ևս կօգտագործվի: Բայց կենտրոնականը իշխող կուսակցության մեթոդաբանության մեջ այն է, որ նրանք Երևանի տարբեր թաղամասերում բավական մեծ ռեսուրսներ ունեցող անդամներ ունեն: Բացի այդ, Տարոն Մարգարյանն իր կառավարման ընթացքում միշտ փորձել է տարբեր սուբյեկտների հետ հնարավորինս կոմպրոմիսի գնալ, ամեն կոնկրետ թաղամասում աշխատել այնտեղ ազդեցություն և հեղինակություն ունեցող անհատների ու խմբերի հետ, և այդ մոտեցումը իր արդյունավետությունը տվել է: Այս իմաստով պիտի ասեմ, որ չնայած հրապարակային չափանիշներով, օրինակ` ճոխ հռետորաբանության իմաստով գործող քաղաքապետը կաղում է, բայց քաղաքական այլ որակներ, մասնավորապես, կոմպրոմիսների գնալու ունակություն նա ունի, ինչն էլ ոչ միայն իր կառավարման ընթացքի հիմնական բնորոշումն է, այլև այս ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունենալու երաշխիքը:

Ինչ վերաբերում է մյուս երկու ուժերին: ԵԼՔ-ի գործիքակազմին մենք արդեն ծանոթ ենք պառլամենտական քարոզարշավից: Որոշ դետալներ կավելանան` կապված ընտրության բնույթի փոփոխության հետ, բայց ընդհանուր մոտեցումը չի փոխվի: Կրեատի՞վ են այդ մոտեցումները, թե՞ ոչ` այդքան էլ կարևոր չէ: Դրանք իրենց էլեկտորատին գտել են: Բացի այդ, նորաստեղծ ուժը, բավականին քիչ ռեսուրսներով ու կառավարչական, հիմնականում` նաև քաղաքական փորձի բացակայությունը պիտի փոխհատուցի այլ մեխանիզմներով, ինչի ականատեսը եղանք ու կլինենք նաև հիմա:

«Երկիր ծիրանին» նույն բնույթի, բայց ավելի մեծ ծավալի խնդիրներ ունի, ինչ ԵԼՔ-ը: Նախ` ավելի նոր ուժ են, հետո, բացի տիկին Փոստանջյանից, հայտնի անհատներ թիմում չունեն: Ունեն կրկին նույն խնդիրները ռեսուրսների հետ: Բացի այդ, Փոստանջյանը ընտրել է մի քանի ոճ, որոնք շատ հաճախ հակասության մեջ են հայտնվում իրար հետ: Մի դեպքում` նա իր սուր ազգայնական հռետորաբանությամբ նմանվում է ֆրանսիական ազգայնականների առաջնորդ Լը Պենին: Մեկ այլ դեպքում նկատելի է իր կին լինելու հանգամանքի վրա սուր շեշտադրում: Սրան զուգահեռ նաև նմանությունը ԵԼՔ-ի գործիքակազմի հետ, այսպես ասած` «հիպստեր» հատվածին գերելու համար: Այս խառնաշփոթը իր արձագանքն է ստանում նաև հանրային ընկալման մեջ, և ես վստահ եմ, եթե առանց լուրջ գիտական մեթոդի հասարակ հարցում անենք տիկին Փոստանջյանի մասին, կտեսնենք, թե ինչքան հակասական են հանրության շրջանում եղած կարծիքները: Մի դեպքում խիզախ կնոջ, մեկ այլ դեպքում` ոչ մի թիզ հողական և հաճախ սասնածռական, մեկ այլ դեպքում` ակտիվիստական: Այս դիրքորոշման խառնաշփոթը, բնականաբար, անհետևանք մնալ չի կարող:

Որքանո՞վ են նախընտրական քարոզարշավները ընդհանուր առմամբ ազդում ընտրություններում ընտրողների կողմնորոշման վրա: Այնքանով որքանո՞վ:

Հայաստանում հստակ քաղաքական նախասիրություններով տարբերակվող էլեկտորատներ չկան: Կա մի մեծ շերտ, ովքեր բավական կոնսերվատիվ ու պատրիարխալ հայացքներ ունեն: Եվ մեկ այլ, ավելի փոքր շերտ, ովքեր միշտ իրենց ձայնը տալիս են այդ պահին ամենաընդդիմադիրն ընկալվող ուժին: Իհարկե, կախված քաղաքական իրավիճակից` այս չափաբաժինները կարող են փոխվել, բայց ընդհանուր պատկերն այդպիսին է: Իշխող ուժի համար քարոզչությունն ունի այլ ֆունկցիոնալ նշանակություն, քան, օրինակ, ԵԼՔ-ի դեպքում: Իշխող ուժի համար քարոզարշավը, այսպես ասած, աղանդերի ֆունկցիա ունի, քաղցրացնել ու գեղեցիկ ֆոն հաղորդել հիմնական գործիքակազմին: ԵԼՔ-ի դեպքում, երբ ռեսուրսները քիչ են, քարոզարշավը կենտրոնական նշանակություն ունի, այն, կարելի է ասել` դառնում է հիմնական ռեսուրսը: Ու անկախ քարոզարշավի ասելիքի բովանդակությունից, քանի որ նրանց դեպքում կարևորը գտնել վերը նշածս միշտ ընդդիմադիր էլեկտորատին, մտնել այդ խմբի հետ կոնտակտի մեջ ու անընդհատ փաստել, որ այդ պահի ամենաթունդ ընդդիմադիրն իրենք են: Հաշվի առնելով պարոն Փաշինյանի բազմամյա փորձը ընդդիմադիր հարթակներում` նա այս ամենի տեխնիկական մասի իրագործման հետ խնդիրներ չունի: Առավել բարդ է «Երկիր ծիրանիի» իրավիճակը: Նրանք խաղում են նույն էլեկտորատի վրա, ինչ ԵԼՔ-ը: Բայց վերջիններս արդեն կարողացել են էլեկտորատի այդ հատվածը իրենցով անել, ու Փոստանջյանի ղեկավարած ուժին շատ դժվար կլինի մրցակցել ԵԼՔ-ի հետ:

Մյուս քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը կօգնի՞, թե՞ կխանգարի ԵԼՔ-ին եւ «Երկիր ծիրանի» կուսակցությանը:

Օգնելը կամ խանգարելը կախված է մասնակից ուժերից: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական վերածնունդ» կուսակցության կամ ՀՅԴ-ի չմասնակցելը ԵԼՔ-ին կամ «Երկիր ծիրանիին» էական որևէ բան չի կարող տալ, բայց կարող է պարարտ հող հանդիսանալ ՀՀԿ-ի համար: Մյուս կողմից էլ ՝ ՀԱԿ-ի, ՕՐՕ-ի, «Ազատ դեմոկրատների» չմասնակցելն էլ պարարտ հող է ԵԼՔ-ի ու «Երկիր ծիրանիի» համար: Արդեն նշեցի, որ քաղաքական նախասիրություններով տարբերակվող էլեկտորատներ չկան: Կա առավելապես դեպի կոնսերվատիզմ ու պատերնալիզմ հակված հատված ու միշտ ընդդիմադիր դիրքավորվող հատված: Տարոն Մարգարյանը, օրինակ` հանրության շրջանում տարածված ընկալումներով հաճախ հատվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած չինովնիկ է, ի տարբերություն պարոն Ծառուկյանի, բայց հանրության մոտ ունի որոշակի ժողովրդական, յուրայինի ընկալում, շնորհիվ նաև իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի մասին ընկալումների: Եվ այս հանգամանքը կարող է որոշիչ դառնալ Ծառուկյանի պոտենցիալ ընտրողներին դեպի ՀՀԿ ուղղորդելու համար: Զարուհի Փոստանջյանի հռետորաբանությունը շատ զուգահեռներ ունի ՕՐՕ-ի հռետորաբանության հետ: ԵԼՔ-ը իր քարոզչական տեխնոլոգիաներով որոշակի հատումներ ունի «Ազատ դեմոկրատների» հետ, ու նաև Անահիտ Բախշյանի ՝ ԵԼՔ-ի ցուցակով ներկայացված լինելը կարող է օգնել «Ազատ դեմոկրատների» պոտենցիալ ընտրողների համակրանքը շահելուն: Այնպես որ, օգնելը կամ խանգարելը կախված է մասնակից ուժերից, ինչպես նրանք կթիրախավորեն լսարանը, ինչպես կաշխատեն լսարանի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում առհասարակ երեք ուժերի շանսերը` Տարոն Մարգարյան, Զարուհի Փոստանջյան, թե Նիկոլ Փաշինյան, ըստ ձեզ` ո՞ր մեկին կհաջողվի «գրավել» Երեւանը:

Քանի որ հարցը շատ ուղիղ է, ուղիղ էլ պատասխանեմ. կարծում եմ` կհաղթի Տարոն Մարգարյանը: Ավելին, կարծում եմ, որ բոլորն էլ դա գիտակցում են: Սա իհարկե չի նշանակում, թե չպետք է փորձել: Փոստանջյանի ու իր նորաստեղծ ուժի համար սա հիանալի դեբյուտի հնարավորություն է, մանավանդ որ, անկախ տոկոսներից, նրանք նոր ավագանիում այս կամ այն չափով ներկայացված են լինելու: ԵԼՔ-ի համար սա խորհրդարանական ընտրություններում գրանցված հաջողությունը կապիտալացնելու հնարավորություն է: ԵԼՔ-ին հիմնականում ընտրել են Երևանում, ու քանի դեռ այդ ընտրությունը թարմ է, ինչո՞ւ չվերահաստատել այդ ընտրությունը ևս մեկ անգամ` այդպիսով ավելի հստակ գծերով ուրվագծել սեփական էլեկտորատի սահմանները:

Որքանո՞վ էր հաջողված ԵԼՔ-ի նախընտրական երգը:

Երաժշտական իմաստով` կնախընտրեմ լռել: Բայց քաղաքական տեխնոլոգիաների իմաստով մեսիջը հստակ է՝ շեշտը դրվել է անմիջականության վրա, պրոֆեսիոնալ վոկալ ունեցող հայտնի երգիչների ներգրավելու փոխարեն հենց իրենք իրենց ոչ պրոֆեսիոնալ վոկալով փորձել են կատարել Երևանի հետ ասոցացվող հիմնական երգերից մեկը:

Փողն այս անգամ կունենա՞ իր դերակատարությունը:

Երբ չկա բեկումնային քաղաքական իրավիճակ, դերակատարություն կարող է ունենալ ցանկացած բան` փողը, պոպուլիզմը, վարչական ռեսուրսները: Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես Երևանի մասով: Փողի կամ, ինչպես ընդունված է ասել` ընտրակաշառքի դերակատարությունը արդյունավետության խնդիրներ ունի: Պառլամենտական ընտրություններում բազմաթիվ թեկնածուների մոտ այս գործիքակազմը անարդյունավետ աշխատեց, ցույց տալով, որ սա ընդամենը մեկ օղակ է այն տրամաբանության, որով փորձ է արվում էլեկտորատին կոնսոլիդացնել: Եթե փողի հետևում չկան թիմ, հեղինակություն, վստահելի մեխանիզմ, այն չի աշխատում: Մունիցիպալ ընտրություններում հիմնական դերակատարությունը խաղում է երկու հանգամանք: Բազմաբնակարան շենքերով հագեցած թաղամասերում կենտրոնական են համատիրությունները ու, այսպես ասած, ժէկերը: Առավել հին ու սեփական տներով հագեցած թաղամասերում ազդեցիկ են հեղինակությունները, կապերը: Արդեն նշեցի` Տարոն Մարգարյանն իր կառավարման ողջ ընթացքում փորձել է կոմպրոմիսների համակարգ ստեղծել` յուրաքանչյուր թաղապետարանում ադմինիստրատիվ իշխանությունը տալով տվյալ թաղամասում ազդեցություն ունեցող անհատների կամ խմբերի: Հենց այս համակարգն էլ հիմնական դերակատարումն է ունենալու:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի