Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը: Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Մասնավորապես` պատգամավորն առաջարկվում է ընտրական իրավունքը իրացնել նաև նույնականացման քարտի միջոցով` միաժամանակ սահմանելով համապատասխան սարքերի ներդրման պարտադիր պահանջ՝ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար. «Ես անձամբ դա չեմ պատկերացնում առանց հսկողական մեխանիզմը ներդնելու: Անհրաժեշտ է լուծել խնդիրը և դնել վերահսկողական մեխանիզմ, օրինակ` կարելի է դնել մի էլեկտրոնային սարք, որը հնարավորություն կտա վերահսկել»,- նշեց Ուրիխանյանը:
Պատգամավորը հայտարարեց, թե շատերն առանց ընթերցելու կամ ծանոթանալու իր առաջարկին, սկսել են հայտարարություններ անել, թե Տիգրան Ուրիխանյանն իր այս նախագծով իշխանություններին հնարավորություն է տալիս հեշտացնել ընտրակեղծիքները: Պատգամավորն ընդգծեց, որ այդ արտահայտություններ անողների գլխին թող գա այդ իշխանությունների հետ վարիացիաներ անելը:
Ապա Տիգրան Ուրիխանյանին որոշ հարցեր ուղղեցին նիստին ներկա պատգամավորները: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ողջունում է նախագիծը, եւ հետո հարցրեց, թե կա՞ն հաշվարկներ՝ կոնկրետ ինչ արժեն այդ էլեկտրոնային սարքերը: Ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դրանք տատանվում են 1.5 դոլարից, մինչեւ 30 դոլար:
Ուրիխանյանի նախագիծը, կարծես թե, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի սրտով չէր, և վերջինս սկսեց առաջ քաշել վերահսկման մեխանիզմի կազմակերպման ֆինանսական մասը` ասելով, թե այն մեծ միջոցներ է նախատեսում: «Այն մարդուն, ում տալիս եք ԵՏՄ կոլեգայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իրա առած զուգարանների գումարը կարելի է հետ բռնագանձել և կազմակերպել այս մեխանիզմը: Կարելի է շատ պետական հաստատություններին ուռճացված արարողակարգային ծախսերից և շքեղ մեքենաներից զրկել ու կազմակերպել: Փող կգտնվի, այդ բեռն անտանելի չէ»,- պատասխանեց Ուրիխանյանը:
Քննարկումները շարունակվում են: