Քաղաքական գիտությունների հայաստանյան ասոցիացիայի անդամ, տնտեսագետ Մհեր Փարվանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ տնտեսությունն, առհասարակ, հիմնված է ՓՄՁ-ների վրա, և պետք է հատուկ քաղաքականություն իրականացվի ՓՄՁ-ների զարգացման համար:
«Արևմուտքում ՓՄՁ-ներին վերաբերում են որպես կուռք` իրականացնելով մի շարք ծրագրեր վերջիններիս զարգացման համար»,- ասաց Մհեր Փարվանյանն ու նկատեց, որ տարբեր պետություններ տարբեր չափորոշիչներ ունեն մշակված` ՓՄՁ-ների հետ կապված:
«Հայաստանում ևս կա օրենքով ամրագրված չափորոշիչ: Մեզ մոտ գերփոքր բիզնես համարվում է մինչև տասը աշխատող և մինչև 100 մլրդ դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը, փոքրը` մինչև 500 միլիոն և միջին բիզնեսը մինչև 1 մլրդ դրամ շրջանառություն ունեցող»,- ասաց տնտեսագետն ու հավելեց` ՓՄՁ-ների հետ կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքը սահմանում է մի շեմ` 58 մլն-ից մի փոքր ավել, որն, ըստ էության, համարում է ՓՄՁ-ների աջակցման շրջանակներում մշակված ծրագիր, բայց պարզվում է, որ այդ շրջանառությունը գերփոքր ձեռնարկությունների շրջանառության գրեթե կեսն է, իսկ սա նշանակում է` կա հայեցակարգային հակասություն:
Խոսլեով «Շրջանառության հարկի մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների մասին` տնտեսագետը կարևորեց փաստաթղթավորումը` ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկություններ ունենալու և որոշակի ռիսկերից ապահովագրված լինելու համար:
Եզրափակելով խոսքը` տնտեսագետն ասաց` խոշոր հարկ վճարողներին հարկային դաշտ բերելու համար ՓՄՁ-ն դառնում է գործիք, ինչն, իհարկե, ընդունելի չէ: