տուն Լուրեր Փայտի բիզնես. անտառտնտեսությունների աշխատակիցները համակարգում են օրինական և ապօրինի անտառահատումերը. hetq.am

Փայտի բիզնես. անտառտնտեսությունների աշխատակիցները համակարգում են օրինական և ապօրինի անտառահատումերը. hetq.am

325
0

2222

Մաս 2

Սկիզբը

Երկրորդ օրվա մեր ուղղությունը «Դսեղի անտառտնտեսության» անտառներն են: Գլխավոր ճանապարհից ձախ թեքվող ուղին տանում է դեպի «Մարցի անտառապետության» խորքերը: Բուռն եռուզեռ է: Մեզ տեսնելուն պես ծառահատները էլեկտրական սղոցը «Վիլիսի» մեջ են փորձում թաքցնել: Երկու մեքենա է կանգնած: «Կամազն» արդեն բեռնված է փայտով, իսկ «Ֆորդը»՝ ընթացքի մեջ է: Թույլտվություն, սակայն, միայն «Ֆորդ»-ի համար կա: «Կամազի» տերը աշխատողներն ասում են՝ թաղում է գնացել:

Մեքենաների հետքերով շարժվում ենք առաջ և հայտնվում «ծառերի կոտորածի» կիզակետում, որտեղից էլ փայտերը բերվել և բարձվել են «Կամազի» և «Ֆորդի» մեջ: Մի քանի հեկտարին հասնող տարածքն ամբողջությամբ արդեն հատված է, քարշ տված ծառերի հետքերը գրեթե հարթեցրել են ձորը և հեշտացրել ծառահատների գործը: Ոչ մի կնքված ծառ չկա, որը կվկայեր կոճղերի օրինական հատված լինելու մասին:

Շարունակում ենք ճանապարհը և մի քանի կմ անց հայտնաբերում հաջորդ փայտակույտը, որի սեփականատերը փորձ է արել թաքցնել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով՝ կանգնեցնելով այն փայտակույտի թիկունքում: Երբ իջնում ենք, մեքենայի տերը, բլրից հետևելով մեզ, անհետանում է:

 Հատված կոճղերի հերթական կույտը հավաքված է փլատակերի մեջ:

Երեկոյան վերադառնում ենք: Ճանապարհին մեզ սպասում է փայտով բարձված «Կամազը», որը մենք արդեն հատատեղում էինք տեսել: Սեփականատերը, ըստ ամենայնի, զգուշացվել է, և վերջինս անպայման ցանկացել է ցույց տալ, որ իր մեքենայում օրինական փայտ է բարձվել: Նա մեզ 20 խմ փայտի թույլտվություն է ցույց տալիս, սակայն այդ մեքենան ավելի քան 30 խմ է պարունակում:

Փաստաթուղթը «Դսեղի անտառտնտեսությունը» նույն օրն է տրամադրել Վաչագան Արզումանյանին՝ մեքենայի տիրոջը: Ակնհայտ էր, որ Վաչագանն ամեն ինչ արել էր այդ փաստաթուղթը այդ օրը ձեռք բերելու և մեզ ցույց տալու համար: Միայն մեկ բացթողումով. «Դսեղի անտառտնտեսության» պետ Վահե Քառյանը չէր լրացրել բաց թողնման ամսաթիվը, որը վանաձորցի Վաչագան Արզումնյանին հնարավորություն է տալիս բազմակի օգտագործել և ամեն օր փայտ կտրել և տեղափոխել նույն փաստաթղթով: Փայտանյութի վաճառքի պայմանագրով նախատեսված չէ, թե քանի օր է վավեր այն: Պայմանագրում ընդամենը նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:

Պայմանագրում նաև նշվում է, որ գնորդը պարտավորվում է իր միջոցներով և իր հաշվին անտառտնտեսության աշխատակցի անմիջական հսկողության ներքո կատարել գնված փայտանյութի պատրաստումը, դուրս բերումը և տեղափոխումը: Սակայն երբ մենք հատատեղում էինք, որևէ ներկայացուցիչ անտառտնտեսությունից չկար:

Երրորդ օրը մեր ուղղությունը «Լալվարի անտառտնտեսությունն» է: Շամլուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում լցված հերթական փայտակույտը միանգամից ուշադրություն է գրավում: Տիրություն անող չկա: Զանգահարում ենք «Լալվարի անտառտնտեսության» տնօրեն Հարություն Ամիրջանյանին, որպեսզի ճշտենք՝ ինչ փայտ է թափված: Վերջինս կտրականապես հերքում է, որ այն իրենց տնտեսության փայտն է: Մոտենում ենք «Ջիլիզայի անտառտնտեսության» գրասենյակին: Ջիլիզայի անտառապահ Տիգրան Ղարիբյանն ասում է, որ իրենցը չէ այդ փայտը, սակայն գիտի ումն է, բայց չի ասի:

Եթե իրենցը չէ, ուրեմն պիտի «Լալվարի անտառտնտեսությանը» լինի: Նորից ենք զանգահարում «Լալվարի անտառտնտեսության»պետին: Այս անգամ արդեն վերջինս խոստանում է ճշտել ու տեղեկացնել: Որոշ ժամանակ հետո զանգարահում և հաստատում է, որ այդ փայտն իրենցն է: Քիչ անց գալիս է Շամլուղի անտառապետ Արտյոմ Բեկթաշյանը: Ցույց է տալիս վառելափայտի երկու փաստաթուղթ և պատմում, որ մեր հայտնաբերած փայտակույտը 60 խմ է: Փաստաթղթերից մեկը, սակայն, նույն օրն է կազմած, երկուսն էլ 27 խմ վառելափայտի համար: Այս փաստաթղթում նույնպես չէր լրացված բաց թողնման ամսաթիվը: Մյուս փասաթուղթն արդեն դուրս գրման ամսաթվով էր, ինչը նշանակում է, որ փայտը պետք է տարված լիներ:

Շամլուղի անտառպետության 2015թ. պլանը 223 խմ է: Արտյոմ Բեկթաշյանից հետաքրքրվեցին, թե երբվանից են սկսել պլանային հատումները: Վերջինս նշեց, որ հունիսից: Այսինքն՝ 6 ամսվա ընթացքում նրանք պլանը վաղուց պետք է կատարած լինեին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը 2015թ. դեկտեմբերի 7-ի  գրությամբ «Հետքին» հայտնել է, որ «Դսեղի» անտառտնտեսության վառելափայտի մթերման  2015թ.-ի տարեկան առաջադրանքը կազմել է  2860 խմ փայտ: Դրանից նոյեմբերի 1-ի դրությամբ մթերվել է  2832 խմ-ն:  Անտառտնտեսության վառելափայտի մթերման առաջադրանքից մնացել  է 28 խմ, մեկ մեքենա փայտ:  Սա կարելի էր մթերել ընդամենը մեկ օրում, որից հետո, մթերման առաջադրանքը ավարտված համարելով, դադարեցնել անտառահատումները:  Սակայն «Դսեղի անտառտնտեսությունը» նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Մոտկորի անտառներում շարունակել է իրականացնել անտառահատումներ, ինչը նշանակում է, որ դրանք բացառապես ապօրինի են եղել: Հիշեցնենք, որ մեր նկարահանումներն ու լուսանկարներն արված են նոյեմբերի 24-ին:

Համաձայն բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի 2015թ.-ի հունիսի 10-ի հանձնարարգրի՝ բնապահպանական պետական տեսչության անտառների կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչներ Արմեն Ավագյանը, Միքայել Սանթրոսյանը, պետական տեսուչներ Պարսամ Սարգսյանը, Կարեն Էրոյանցը 2015թ.-ի հունիսի 22-ից հուլիսի 10-ը ստուգումներ են անցկացրել Դսեղի անտառտնտեսությունում:  Նախարարի հանձնաժողովը այստեղ պետք է ուսումնասիրեր ՀՀ կառավարության 2013թ.-ի մարտի 7-ի  N 519-Ն որոշման հավելված 1-ի (ստուգաթերթ N1)  պահանջների կատարման ընթացքը՝   2011թ.-ի օգոստոսի 2-ից մինչև 2015թ.  հունիսի 22-ը ընկած ժամանակաշրջանում:  Ուսումնասիրության  18 օրերին նախարարի հանձնաժողովը գլուխ չի դրել պարզելու, թե «Դսեղի անտառտնտեսության»անտառներում անտառշահագործողները հատատեղերի շահագործման ընթացքում կատարե՞լ են թերհատումներ կամ գերհատումներ, կամ մթերված բնափայտի ծավալները համապատասխանո՞ւմ են անտառաշինական նախագծով նախատեսված տվյալ տարվա մթերվող բնափայտին, համապատասխան հաշվարկին, հատատեղերի չափաքանակներին: Հանձնաժողովը ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանից արձանագրել է միայն 2013 և 2014թ. և 2015թ.-ի անցած մի քանի ամիսների՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից փաստացի մթերված փայտանյութի ծավալը և դրան համապատասխան անտառտնտեսության վճարած բնապահպանական վճարների քանակը:  Դրանով էլ ավարտվել է բնապահպանության նախարարի հանձնարարագրով կատարվող ուսումնասիրությունը:

«Անտառահատումները տենց կոպիտ է ասվում, բայց ապօրինություններ, դե, ըլնում է, ֆիքսում ենք, կյանք է, ապրում ենք, էլի: Մարդ կա, կացնով մի հատ ծառ է կտրում, տանում է իր երեխուն տաքացնի, բայց ապօրինի անտառահատումներ, տենց, բարձր է ասված՝ ինձ թվում է»,- ասում է Արտյոմ Բեկթաշյանը:

Մանրամասներն՝ այստեղ: