Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սանիթեք» ընկերությունը պատրաստվում էր ասուլիս հրավիրել Վրաստանում, սակայն, քանի որ այն չեղարկվեց, ընկերության ներկայացուցիչները այսօր լրագրողների հետ հանդիպեցին Երեւանում: Թեև, եթե անկեղծ, այն դժվար էր ասուլիս համարել, քանի որ ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվը պարզաբանումներ տալիս էր սկայպ տեսակապով, կապը պարբերաբար ընդհատվում էր, լրագրողների հարցերը նա չէր լսում:
Պատճառաբանությունը, թե Վրաստանից ասուլիս տալը ընկերության դեմ ագրեսիայի ու ճնշման արդյունք էր, այդքան էլ համոզիչ չէր, քանի որ «Սանիթեքի» բոլոր ասուլիսները Երեւանում անցել են նորմալ մթնոլորտում, առանց որեւէ ագրեսիայի դրսեւորման:
Հիմա անդրադառնանք հնչած փաստարկներին: Նախ՝ ամբողջական վերլուծություն անելու համար պետք է հրապարակային ու տեսանելի լինի «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը, քանզի մինչ օրս միայն միմյանց հասցեին հնչող մեղադրանքներից համակողմանի ճշմարտությունը պարզելը դժվար է: Հուսանք՝ քաղաքապետարանը կհրապարակի «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը:
«Սանիթեքի» տնօրենի ասուլիսում, սակայն, հակասություն կա: Նախ՝ ընկերությունը հայտարարում է, որ իշխանությունը ցանկանում է բռնագրավել իր միջոցները, հարուցված քրեական գործը քաղաքական է, որը լավ չի անդրադառնա ներդրողների վրա, ապա՝ հայտարարում, թե այսքանից հետո պատրաստ է աշխատելու Հայաստանում: Հարց՝ եթե որեւէ երկրի կառավարություն խոչընդոտում է ներդրող ընկերությանը, ապա վերջինս ինչո՛ւ է ցանկանում բիզնեսով զբաղվել այդ երկրում:
Հետաքրքիր ու մտածելու տեղիք տվող մյուս հարցը հետեւյալն է. «Սանիթեքը» որպես կարճաժամկետ լուծում առաջարկում է պայմանագրի վերանայում: Արդյոք սա չի՞ նշանակում աղբահանության սակագնի ավելացում կամ, գուցե, ընկերության համար ցանկալի հարկային պայմաններ ու պարտավորություններ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կարծում ենք, պետք է պատասխանի այս հարցերին:
Մեկ այլ հակասական հայտարարություն. եթե «Սանիթեքը» ֆինանսական ծանր վիճակում է, որ աղբահանության համար պետք է քաղաքապետարանի հետ համատեղ լուծում գտնի, ի՞նչ գումարներով է պատրաստ 4 մլն դոլարի ներդրում անել, զարգացնել անգամ Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքները: Ինչքանո՞վ է այս հայտարարությունը իրատեսական: Եթե ընկերությունն իրոք ունի բավարար ֆինանսական միջոցներ, ապա կարելի է եզրակացնել՝ «Սանիթեքը» փող ունի, բայց քաղաքն աղբի մեջ կորած է:
Բայց «Սանիթեքի» տնօրենի այսօրվա հայտարարությունից ակնհայտ է՝ Հայաստանում աղբահանությամբ զբաղվելը եկամտաբեր է, այլապես Նիկոլաս Էլ Թալիվը քաղաքապետարանի հետ բանակցելու պատրաստակամությունը մի քանի անգամ չէր շեշտի:
Հուսանք՝ «Սանիթեքի» դեմ քրեական գործի նախաքննության ավարտից հետո հանրությունը կիմանա ճշմարտությունը, բազմաթիվ լուրերին ու շշուկներին պատասխան կտրվի, չնայած Երեւանի բնակիչներին, մեծ հաշվով, չի հետաքրքրում՝ ով եւ ինչպես կլուծի աղբահանության հարցը: Կարևոր է, որ օր առաջ քաղաքը մաքրվի գարշահոտությունից:
Սոնա Դավթյան