«Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1-ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլեւս կայացած փաստ է:
Այժմ արդեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ու դրա նոր ղեկավարի հարցը, որը դարձել է հերթական ներքաղաքական ու նաեւ արտաքին քաղաքական քննարկումների տեղիք:
Ռուսական ԶԼՄ-ներում արդեն հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասել է թե՝ Բելառուսն է ստանձնելու ՀԱՊԿ քարտուղարության մանդատը: Հայկական մամուլում էլ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է Հայաստանն այլ թեկնածու առաջադրի այդ պաշտոնում, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին:
Հեշտ ընտրություն, ըստ ամենայնի, չի սպասվում, հաշվի առնելով թե՛ քաղաքական որոշակի իրողություններ, թե՛ դիվանագիտական որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական է, որ օբյեկտիվորեն առկա խնդիրներին զուգահեռ այս թեման ունի նաեւ մի շարք սուբյեկտիվ, տեղ-տեղ չափազանցված մեկնաբանություններ:
Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը Հայաստանի համար էական դեր խաղալ չէր կարող: Սիմվոլիկ դեր գուցե կարող էր: Բայց իրականության մեջ, անկախ նրանից՝ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչը, թե մեկ այլ ոք, այդ կառույցի քաղաքականության թելադրողը ռուսական կողմն է:
Հետեւաբար, Հայաստանի խնդիրը, Հայաստանի նոր իշխանությունների խնդիրը ոչ թե նմանատիպ կառույցներում ղեկավար պորտֆելներ կորզելն է կամ ամեն գնով այդ պորտֆելները չկորցնելը, այլ ռեալ քաղաքական ազդեցության մեծացումն է, որի առկայության պարագայում միայն նմանատիպ կառույցներում հնարավոր կլինի գեներացնել մեր շահերը:
Եթե այդ ազդեցությունը լինի բավարար, ապա անկախ նրանից, թե նման միավորումներում ովքեր են ղեկավար պաշտոնների, Հայաստանի շահերը միանշանակ հաշվի կառնվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունների հաճախակի դրսեւորվող դիվանագիտական անփութության ու արտաքին քաղաքականության մեջ նկատվող ինքնաբավ անհոգության դրսեւորումները մտահոգիչ չեն: Միանշանակ մտահոգիչ են, բայց ոչ այնքան, որքան բուտաֆորիա հանդիսացող սիմվոլիկ մանդատներ ունենալու ձգտումը, որոնք ռեալ քաղաքականության իմաստով որեւէ որոշիչ նշանակություն չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: