Խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրագրողների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին և դատապարտեց այն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մամուլում լայնորեն քննարկվում է Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ միջադեպը: «Ես որպես էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, որպես լրագրող իմ մտահոգությունն են հայտնում լրագրողների, նրանց աշխատանքը խոչընդոտելու, նրանց պիտակավորելու, վիրավորանքների վերաբերյալ: Մենք, ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրությանը մեզ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, և իմ հորդորն է, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք էթիկայի կանոնները: Միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև, և ես հույն ունեմ, որ մեզ կհաջողվի ԱԺ-ում նման պրակտիկային վերջ տալ, որովհետև դա ոչ միայն ազդում է է ԱԺ-ի հեղինակության վրա, այլ նաև ուղղակիորեն խոչընդոտում է լրագրողական գործունոությունը: Ես որպես պատգամավոր հարկ եմ համարում նշել, որ դատապարտում եմ նմանատիպ երևույթները »,- հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանից հետո նիստը վարող Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իրենք ևս դատապարտում են. «Միանալով ձեզ, ուզում ենք կոչ անել, որ բոլորս, այս դահլիճում և այս դահլիճից դուրս, ոչ միայն պատգամավորները լրագրողների, այլ նաև լրագրողները պատգամավորների հետ շփվելիս, այլ նաև բոլորը, ովքեր մասնակցում են խորհրդարանական և քաղաքական գործընթացներին, փոխադարձ շփումների ընթացքում պահպանեն էթիկայի կանոնները »: