տուն Լուրեր Փաշինյանը՝ Աղվան Հովսեփյանի ու Սերժ Սարգսյանի մասին

Փաշինյանը՝ Աղվան Հովսեփյանի ու Սերժ Սարգսյանի մասին

144
0

LIBERIA-WAFRICA-HEALTH-EBOLA

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը Մարդու իրավունքի պաշտպանի զեկույցի շուրջ:

«Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը այս ամբիոնից չափազանց կարևոր հայտարարություն արեց: Նա ասաց, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Այս ֆոնին չափազանց տարօրինակ է Սերժ Սարգսյանի կողմից քննչական կոմիտեի ղեկավար նշանակված Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որն ասում է. դուք չարաչար սխալվում եք, երբ ասում եք, որ մարտի մեկի գործով բացահայտում չկա, բոլոր բացահայտումները իրականացված են: Լավ, բացահայտված են, դե թող կանգնի, ասի ով է սպանել Գոռ Քլոյանին, Գրիգոր Գևորգյանին ու մյուս տղաներին: Վերջում դատախազը հավելում է. իհարկե կան չբացահայտված հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ, հենց տուժողներից հարուցված: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ տոնով է խոսում զոհերի ու հարազատների մասին: Բոլորի համար Մարտի 1-ի բացահայտումը սպանությունների բացահայտումն է, իր համար դրանք որոշակի հանգամանքներ են: Իսկ ի՞նչ բացահայտումներ է արել Մարտի 1-ով Աղվան Հովսեփյանը: Օրինակ իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ ես կարող եմ մարդկանց այնպիսի բառերի օգտագործմամբ, ինչպիսին հայրենիքը, ընտանիքն են, գցել հոգեխանգարմունքի մեջ: Շատ մեծ է գայթակղությունն ասելու, որ այսպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ: Ես զերծ կմնամ նման որակումից: Վերադառնալով Աղվան Հովսեփյանի բացահայտումներին, ասեմ, որ օրինակ 1998թ. օգոստոսի 6-ին սեփական աշխատասենյակում սպանվեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, և Հովսեփյանը, ով քննչական մասի ղեկավարն էր ու այդ ժամանակ գտնվում էր շենքում, կատարեց բոլոր բացահայտումները և դարձավ գլխավոր դատախազ: Իսկ այդ բացահայտումներն ասում էին, որ սպանությունը կատարել է տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան է եղել: Հասարակությունը գիտեր, որ սպանողը դատախազության աշխատակից էր եղել, բայց ոչ Կարապետյան ազգանունով: Արծրուն Մարգարյանը՝ ներքին զորքերի հրամանատար, որ սպանվեց 99-ին: Աղվան Հովսեփյանը հանրությանը ներկայացրեց, որ Մարգարյանը 2 կրակոցով ինքնասպանություն է արել՝ սրտին, հետո գլխին կրակելով: Չմոռանանք Սերժ Սարգսյանին, ով թե՛ Հենրիկ Խաչատրյանի, թե՛ Արամ Կարապետյանի, թե՛ Արծրուն Մարգարյանի, թե՛ Վահրամ Խորխոռունու սպանության ժամանակ զբաղեցրել է իրավապահ համակարգի սուպեր նախարարի պաշտոնը: Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան իրավապահ տանդեմը  շատ հետաքրքիր է: Երբ Սարգսյանը ՆԳ և ԱԱ նախարար էր, Հովսեփյանը՝ գլխավոր դատախազ՝ Հայաստանում սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, օպերատիվ հարցերով նախարար, ներքին զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, պատգամավորներ, ոստիկանության պետի տեղակալ, տրանսպորտի դատախազ, Լոռու մարզի դատախազ, ԱԺ փոխնախագահներ և այլն: Եթե Հովսեփյանին հարցնենք՝ կասի, թե բոլոր հանցագործությունները բացահայտված են: Սա ասում եմ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո: Իշխանափոխություն ասելով   նկատի ունենք ոչ տրանսֆորմացիան՝ կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա: Ապրում ենք էնպիսի ժամանակներում, երբ մարտի 1-ի սպանդին մասնակից օլիգարխների հռչակավոր ցուցակը հայտարարած ուժը աջ ու ձախ ինդուլգենցիաներ է բաժանում այդ ցուցակում եղած օլիգարխներին: Ոմանք սա համարում են ռեալպոլիտիկ: Ես ասում եմ. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Արդարադատությունն անպայման գալու է ոճրագործների հետևից»: