տուն Լուրեր Փարաքարի դպրոցը կարող է առեւտրի կենտրոն լինել, բայց ոչ ուսումնարան

Փարաքարի դպրոցը կարող է առեւտրի կենտրոն լինել, բայց ոչ ուսումնարան

241
0

փարաքար

Փարաքարի հիմնական դպրոցը  լուծարվեց, աշակերտներն ու ուսուցիչներն էլ  տեղափոխվելու են  Փարաքարի միջնակարգ դպրոց: Թեեւ հիմնական դպրոցն ուներ 190 աշակերտ եւ անգամ, ըստ  համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի, աշակերտների աճ էր արձանագրել, սակայն կառավարությունը դա  հաշվի չառավ: Դպրոցների օպտիմալացման  գործընթացը պետք է շարունակվի:

Ինչո՞ւ 190 աշակերտ ունեցող  դպրոցը լուծարվեց, եթե ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամիսներ առաջ  ասել էր՝ սկզբում կօպտիմալացվեն  քաղաքի դպրոցները: Araratnews.am-ը կապ հաստատեց ԿԳ նախարարության հետ՝ պարզաբանում ստանալու: Մեզ հորդորեցին դիմել ԿԳՆ քարտուղարության պետ Մարո Կարախանյանին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ  դպրոցն օպտիմալացնելու առաջարկն արել է Արմավիրի մարզպետարանը: «Հետագայում, երբ սկսվեց դպրոցների օպտիմալացման  գործընթացը,  Արմավիրի մարզպետարանի  առաջարկը քննարկվեց  գերատեսչությունների հետ: Վարչապետի գիտությամբ ԿԳ եւ  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները համատեղ քննարկեցին դպրոցների օպտիմալացման հարցերը: Քանի որ Փարաքարի հիմնական եւ միջնակարգ դպրոցները  Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ են, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իր ձեռքը վերցրեց հետագա գործընթացը»,- մանրամասնեց  ԿԳՆ-ի աշխատակիցը:

Ինչ վերաբերում է 190 աշակերտ ունեցող դպրոցն օպտիմալացնելուն,  տիկին Կարախանյանի խոսքով՝  Փարաքարի հիմնական ու միջնակարգ դպրոցներն էլ թերբեռնված են: Բացի այդ, վարչապետի հանձնարարականը վերաբերում է նաև 300 աշակերտ ունեցող դպրոցների օպտիմալացմանը: Արմավիրի մարզպետարանն էլ հարմար է գտել՝ Փարաքարին մեկ դպրոցը բավարար է:

Պատասխանատուները հավաստիացնում են՝ Փարաքարի հիմնական դպրոցի շենքը պետք է հետագայում կրթական  հաստատություն լինի, իսկ թե ի՞նչ` դեռ պարզ չէ: Բայց ինչպե՞ս կարող է այն որպես կրթական հաստատություն  ծառայել, եթե  հիմնական դպրոցի շենքը  վթարային է: Չնայած  դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանն ու Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը մեզ հետ զրույցում հակառակն էին պնդում՝ շենքը վթարային չէ, պարզապես հին է:

Ի՞նչ չափորոշիչներով եւ ո՞ր կառույցն  է որոշել Փարաքարի հիմնական դպրոցի վթարային լինելը: Եվ եթե շենքը վթարային է, ինչպե՞ս է համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն առաջարկել  Արմավիրի մարզպետարանին այն ուսումնարանի վերածել: Araratnews.am-ը դիմեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե: Մեզ տեղեկացրին՝  ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հիմնական դպրոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ  քաղաքաշինության կոմիտեի կողմից երբևէ եզրակացություն չի տրամադրվել:

Ըստ կոմիտեի ունեցած տեղեկատվության՝ դպրոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն տրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տեխնիկական օժանդակությամբ:

Ըստ այդմ` դպրոցի ուսումնական մասնաշենքերի և մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար (3-րդ աստիճան), այն է` կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն հիմնանորոգումից հետո: Գործակալությունն իր եզրակացության մեջ նաև նշել է` հաշվի առնելով դպրոցի շահագործման ժամկետը (մոտ 50 տարի), սեյսմիկ խոցելիության աստիճանը և տեխնիկական վիճակը, ավելի նպատակահարմար է փոխել դպրոցի շենքի գործառնական նշանակությունը և փոխարենը կառուցել նոր դպրոց: ԱԻՆ-ի մասնագետների կողմից եզրակացություն տրամադրելուց հետո միայն քաղաքաշինության պետական կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մասնագետները տեղում ուսումնասիրել են դպրոցի շենքը և եզրակացրել, որ նոր դպրոցի կառուցման աշխատանքներին զուգահեռ կարելի է իրականացնել հին մասնաշենքերի փուլառփուլ քանդում:

Կապ հաստատեցինք  «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկարամ Մխիթարյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Փարաքարի հիմնական դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է, չի  կարող կրթական նպատակով օգտագործվել, եթե հետագայում չհիմնանորոգվի:  Բայց հիմնանորոգման ծախսերն ավելի շատ են, քան  նոր դպրոցի կառուցումը:

Լուրեր կան, որ Փարաքարի հիմնական դպրոցը վերածվելու է  առեւտրի կենտրոնի: Ըստ Հայկարամ Մխիթարյանի՝ դպրոցի շենքը կարող է օգտագործվել որպես առեւտրի կենտրոն, քանի որ առեւտրի կենտրոնում քիչ մարդ կարող է լինել, քան դպրոցի դեպքում:

Զանգահարեցինք նաև  ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն՝ տեղեկանալու, թե Փարաքարի հիմնական դպրոցի շենքը հետագայում ի՞նչ նպատակով է օգտագործվելու: Վարչությունից մեզ տեղեկացրին՝ Փարաքարի համայնքապետարանը դիմել է պետական գույքի կառավարման վարչություն՝ դպրոցի շենքը տնօրինելու եւ արտադրություն հիմնելու առաջարկով:  Առաջարկը պետք է քննարկվի մարզպետարանի, պետգույքի կառավարման վարչության հետ:

Ի դեպ, Փարաքարի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորելու են  հիմնական դպրոցի աշակերտները, եւս բարվոք վիճակում չէ: Քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի տնօրեն  Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շենքը թեեև քանդման ենթակա չէ, բայց որոշ շինարարական աշխատանքների կարիք կա:

Սոնա Դավթյան