ԵԼՔ դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրեց այն իրավիճակը, որը տիրում է Փակ շուկայի տարածքում:
«Սիրելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Փակ շուկայի մերձակայքում: Երկու օր առաջ ես այստեղ քարոզարշավի ժամանակ անցնելիս լուսանկար էի տեղադրել ֆեյսբուքյան իմ էջում՝ հույս ունենալով, որ Փակ շուկայի սեփականատերերը եւ Երեւանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկեն այստեղի հակասանիտարական վիճակը կարգավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հարցը խիստ արդիական է, քանի որ, երբ Սամվել Ալեքսանյանը աղճատում էր Փակ շուկայի տեսքը, եւ հասարակությունն ընդվզում էր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասում էր, թե բա՝ որ Փակ շուկան կռիսանոց էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք մտահոգվում կռիսանոցի համար»,- հիշեցրեց Փաշինյանը: Հետո նա տեսախցիկով ցուցադրեց Փակ շուկայի տարածքը, որը վերածվել է աղբակույտի: «Սա Տարոն Մարգարյանի եւ Սամվել Ալեքսանյանի պատկերացրած կռիսանոցը չէ: Տեսեք, թե ինչ է կատարվում այստեղ: Այստեղ տարբեր չափսերի կոշիկներ կան, սա է պատկերը, որ մենք ունենք Փակ շուկայում»,- նկատեց քաղաքապետի թեկնածուն:
Պատգամավորը նշեց, որ խնդիրն այսքանով չի սահմանափակվում, բազմաթիվ փոքր ու միջին սպասարկման կենտրոններ քաղաքապետարանի կողմից տուգանվում են իրենց տարածքների շրջակայքի սանիտարահիգիենիկ վիճակի համար, բայց Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտները շրջանցվում են: Փաշինյանը տեղեկացրեց, որ քաղաքապետ լինելու դեպքում նման իրավիճակները կբացառվեն, ում անվամբ էլ լինի տվյալ օբյեկտը: