Ծրագրերի իրականացման գրասենյակների այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը այս կառույցների ներկայացուցիչներից պահանջել է զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և նաև բարձրացնել իրականացվող ծրագրերի որակը:
Գաղտնիք չէ, որ այս կառույցների գործունեության վերաբերյալ ծանր մեղադրանքներ են հնչում և բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Չմոռանանք, որ Վերահսկիչ պալատը նույնպես իր մի քանի տարվա տարեկան հաշվետվություններում բազմաթիվ օրինակներով ներկայացրել է համարյա բոլոր ոլորտներում ԾԻԳ-երի հետ կապված աղմկահարույց փաստեր:
ԾԻԳ-երի միջոցով են իրականացվում նախարարությունների գնումները, ֆինանսատնտեսական գործառույթները, տարբեր ենթակառուցվածքային նշանակության նախագծերի իրականացումը, տարբեր ոլորտների բարեփոխումների իրականացումը և այլն: Սրանց խողովակներով հոսում են ոչ միայն պետբյուջետային, այլ նաև արտերկրից ֆինանսական հոսքեր: Այսինքն, երկրում առկա կոռուպցիոն և ստվերային գործընթացների վրա իրենց պատկառելի ազդեցությունը ունեն նաև ԾԻԳ-ը:
Մեղադրանքներր սովորաբար վերաբերվում են ԾԻԳ-երի աշխատակիցների, հատկապես տնօրենների բարձր աշխատավարձերին, իրականացվող անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերին, վարկային միջոցների փոշիացմանը, չհիմնավորված հավելավճարներին, գնումների ընթացակարգերի խախտումներին:
Ամենամեծ չարաշահումները տեղի են ունենում հատկապես շինարարության և ճանապարհաշինարարության ոլորտներում, որտեղ բնորոշ այնպիսի երևույթներ, ինչպիսիսք են՝ չկատարված աշխատանքների վճարումը, անորակ աշխատանքների իրականացումը, գների արհեստական թանկացումները, շինարարության ընթացքում նախատեսված բարձրորակ նյութերի և ապրանքների փոխարեն դրանց ցարծորակ տեսակների օգտագործումը, նախագծային փաստաթղթերի և նորմերի կեղծումը և այլն:
Ռիսկային է համարվում նաև խորհրդատվական ծառայությունների նպատակով իրականացվող ծրագրերը, որտեղ հաճախ ընդգրկված են նաև արտասահմանյան փորձագետներ և խորհրդատուներ:
Մի կողմից տեղի ունեցող չարաշահումները ստեղծում են անվստահություն միջազգային տարբեր կառույցների մոտ, որոնք ֆինանսավորում են տարատեսակ ծրագրեր Հայաստանում, մյուս կողմից ակնհայտ է, թե որքան ստվերային գումարներ են շրջանառվում այս խողովակներով, և պետության հերթական փորձը նվազեցնել կոռուպցիոն հոսքերը այս դաշտում, տրամաբանական է: Ստեղծված իրավիճակում, երբ դժվարացել է բյուջեի մուտքերի ապահովումը, սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է լարված մնալ, պետությունը պետք է նոր մեխանիզմներով վերահսկի այս կառույցների գործունեությունը, ինչպես նաև բոլոր միջոցներով նվազեցնի կոռուպցիոն երևույթները: