տուն Լուրեր Պետք է մեր սեփականը ստեղծենք․ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության ոլորտի մասին

Պետք է մեր սեփականը ստեղծենք․ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության ոլորտի մասին

105
0

Ռազմարդյունաբերության ոլորտում այնպիսի հաջողություններ, որոնց մասին ես կկարողանամ մեծ գոհունակությամբ արտահայտվել այս ամբիոնից, մենք չունենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ռազմական արդյունաբերության համալիրն այն ոլորտներից է, որտեղ հետազոտական աշխատանքներին հատկացրած գումարները շատ դժվարությամբ են ծախսվում կամ չեն ծախսվում, որովհետև պարզվում է, որ այդ գումարը ծախսելու համար առաջին հերթին պետք են որոշակի ենթակառուցվածքներ և մասնագիտական կարողություններ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ ոլորտում Հայաստանն ունի որոշ հաջողություններ` մշակումների տեսքով, որոնք կարող են դառնալ լուրջ արտադրության հիմք, բայց դրա համար նախ պետք է նշված մշակումների փորձաքննություն անցկացնել ու համոզվել դրանց մարտունակության մեջ:

«Բայց այնպիսի հաջողությունները, որոնց մասին ես կկարողանամ մեծ գոհունակությամբ արտահայտվել այս ամբիոնից, մենք չունենք,- ասաց նա՝ հավելելով։ — Մենք պետք է մեր սեփականը ստեղծենք, որովհետև մինչև մենք ստեղծում ենք մի բան, որ արդեն գոյություն ունի, մեկ ուրիշն արդեն դա ստեղծում ու անցնում է առաջ»։

Այս ուղղությունը, Փաշինյանի դիտարկմամբ, Հայաստանի համար ռազմավարական է։