տուն Լուրեր Պետք է կոտրել Սերժ Սարգսյանի եւ կառավարության համառությունը

Պետք է կոտրել Սերժ Սարգսյանի եւ կառավարության համառությունը

191
0

սս

«Նաիրիտ» գործարանի հրդեհի մասին երկու վարկած է շրջանառվում. առաջին՝   գուցե   գործարանը վերագործարկելու ցանկություն ունեցող ներդրողներից եւ տեղի ունենալիք աուդիտից առաջ ինչ-որ թաքցնելու բա՞ն կար:  Երկրորդ վարկածն այն է, որ  հրդեհը լավ առիթ է գործարանի աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու համար: Araratnews.am լրատվականը կապ հաստատեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, գործարար,  «Նաիրիտ» գործարանում մի խումբ գործարարների հետ ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած  Աշոտ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե արդյոք  հրդեհը կարո՞ղ է վանել  ներդրողների այն խմբին, որոնք Հայաստան են եկել Աշոտ Գրիգորյանի  խնդրանքով:  «Գործարանում ներդրում անելու ցանկություն կա: Հիմնական  ներդրողը ես եմ: Ես մինչեւ վերջ գնալու եմ՝ անկախ իմ գործընկերների ցանկությունից:  Այնքան գումարներ ու ժամանակ ենք ծախսել, որ հետքայլը տնտեսական մեծ կորուստ է»,- ասաց  Աշոտ Գրիգորյանը:  

Գործարարը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ իր գործընկեր ներդրողները պետք է հանդիպեին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն նրա փոխարեն ներդրողների հետ հանդիպեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «Հանդիպումից   հետո որոշեցին աուդիտ անել, սակայն մինչ օրս  գործարանում աուդիտ անելու, գործարկելու պայմանագիրը  չի ստորագրվել: Իմ գործընկերները պահանջում են, որ ես վարչապետից բացատրություն պահանջեմ դրա համար»:

Կարծիք կա, որ հրդեհը միտումնավոր էին կազմակերպել՝ ներդրողներից ինչ-որ բաներ թաքցնելու համար: Աշոտ Գրիգորյանը  հիշեցրեց՝ տարիներ  առաջ  եւս հրդեհ  է եղել, մարդիկ են զոհվել: Բացի հրդեհից, կողոպուտ է եղել գործարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք: Տիգրան Սարգսյանի եղբայրն էլ նրա վարչապետության ժամանակ տնօրեն էր գործարանում:  Ինչո՞ւ պիտի ցանկանային, որ օտար ներդրողները գործարան մտնեին  եւ այդ ամենը տեսնեին (նկատի ունի կողոպուտն ու թալանը.-խմբ. ):

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի  նախագահի դիտարկմամբ` Հայաստանի փրկությունը քիմիական արդյունաբերության զարկ տալն է: «Պետք է կոտրենք կառավարության եւ նախագահ Սերժ Սարգսյանի համառությունը»,- եզրափակեց իր  խոսքը  Աշոտ Գրիգորյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ