տուն Լուրեր Պետք է այնպիսի բան իրականացնենք, որ մեր նպատակին հասնենք. Դավիթ Պետրոսյան

Պետք է այնպիսի բան իրականացնենք, որ մեր նպատակին հասնենք. Դավիթ Պետրոսյան

120
0

«Մենք հիմա քննարկում ենք այդ ամեն ինչը, կոնկրետ ինչ-որ բան որոշված չկա: Բայց որոշել ենք, որ ինչ-որ բան անպայման անելու ենք, ուղղակի հարցը նրանում է, թե ի՛նչ թեմա կընտրենք եւ ի՛նչ ուղղությամբ կաշխատենք: Այս ամենի շուրջ են քննարկումները ընթանում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե նախաձեռնությունն այս տարի իրականացնելո՞ւ է արդյոք բողոքի գործողություններ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման:

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը վերջին ամիսներին պայքարում է տարկետման իրավունքի խիստ սահմանափակման դեմ, համոզմունք հայտնելով, որ ուսանողներին բանակից տարկետում չտալով հարված է հասցվելու գիտությանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին» օրենքում փոփոխություններն արդեն ընդունվել են, նոր կարգն արդեն իսկ գործում է, բայց երիտասարդները գտնում են, որ դեռ կարող են ինչ-որ բան փոխել: Նախորդ  տարի նրանք դասադուլներ էին նախաձեռնել, երկու անգամ հացադուլ էին հայտարարել: Այդ ընթացքում նաեւ փորձել էին իշխանությունների հետ կլոր սեղան-քննարկումների միջոցով հասնել փոխհամաձայնության, սակայն իշխանությունները որեւէ կերպ ընդառաջ չգնացին:

Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ քննարկումներն ընթանում են ոչ միայն ուսանողների, այլ նաեւ քաղաքացիական հասարակության անդամների միջեւ: «Ուսանողների մոտ մեր քննարկումները միշտ կան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Հարցին` դասադուլ, հացադուլ, մասնավորապես, ի՞նչ բնույթի գործողություններ են քննարկվում, Դ. Պետրոսյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում: «Սպասելիքները կախված են մեր աշխատանքի արդյունավետության չափից: Պետք է այնպիսի բան իրականացնենք, որ կոնկրետ մեր նպատակին հասնենք»,- նշեց նախաձեռնության անդամը:

 Փայլակ Ֆահրադյան