տուն Լուրեր Պետք չի ժամերով նստենք ու ջուր ծեծենք, Սևանին օգնել է պետք․ Մադաթյան

Պետք չի ժամերով նստենք ու ջուր ծեծենք, Սևանին օգնել է պետք․ Մադաթյան

125
0

Այդ անտառները, ծառերը կտրեցին, տարան, դա իրենց պետք էր, հիմա կոճղերը մնացել են ջրի մեջ, ի՞նչ ձևով են ջրից հանելու: «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով Ազգային ժողովում այսօր հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը՝ պնդելով, որ Սևանա լճի 500-ից 700 հա տարածքը մաքրելու միջոցառումները որևէ կերպ չեն կարող այսօր կազմակերպվել։

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց, որ հատուկ պլատֆորմներ կան, որ վերամբարձ կռունկի միջոցով հանում է կոճղը, դնում պլատֆորմին և հետո տեղափոխում։

«Մենք ամեն օր էնտեղ տեսնում ենք, դրանք հսկայական գումարներով բերեցին, չեն աշխատում, հիմա էլ ֆիլտրերը, որ ասում եք կբերեն, դրանք էլ չեն աշխատելու, մեզ պետք է ուժեղ ձեռք Սևանի համար»,- հակադարձեց Մադաթյանը։

Պատգամավորը նշեց, որ հիմա ուզում են ջրի մակարդակը բարձրացնել, բայց մինչև բարձրացնելը կրկին ափերը չեն մաքրում։

«Վարչապետը պետք է հանձնարարի, ձեռքը խփի սեղանին, կոնկրետ աշխատանքային ծրագիր կազմենք, եթե չենք ուզում ցածրացնենք, հինը մաքրենք, հանեք, ուրեմն այս երեք մետրը, որ պետք է բարձրացնենք, այդ տարածքները լրիվ մաքրենք, նոր բարձրացնենք։ Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում, այդ ջրից էլ լողալուց անընդհատ խմում ենք, մենք սովոր ենք, միշտ էլ խմել ենք, ձուկ ենք եփել, Արարատյան դաշտը ջրում են այդ ջրով, և ժողովուրդը սնվում է, ոչ մեկ չի հիվանդացել։ Պետք չի էդ գեղեցիկ ծրագրերը բերեք, պետք չի ժամերով նստենք ու ջուր ծեծենք, Սևանին օգնել է պետք»,- եզրափակեց նա։