Araratnews am –ը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀԱԿ-ի տարածած հայտարարության վերաբերյալ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանից: Վերջինս նշել է, որ այդ հայտարարությունը որևէ էական նշանակոթյուն չի կարող ունենալ և եռյակում որևէ լուրջ փոփոխության չի հանգեցնի:
«Չեմ կարծում, որ դրանից պետք է դրամա սարքել կամ մտածել, որ այն կարող է էական փոփոխություններ մտցնել ներքաղաքական իրադրության մեջ»:
Հարցին, թե ՀԱԿ-ի առաջ քաշած հանրահավաքային պայքարի «ձգձգումը» կարող է արդյոք պատճառ դառնալ ՀԱԿ-ԲՀԿ պառակտման և արդյոք հնարավոր է, որ գա մի ժամանակ, երբ ՀԱԿ-ը դուրս գա Եռյակի կազմից, փորձագետը պատասխանել է.
«Ինչու դուրս գա, եթե այսպես էլ վատ չէ իր համար, ուղղակի մեկ-մեկ կդժգոհեն, կնեղանան, հետո էլի հետ կգան, դուրս գան ինչ անեն լիովին իրենք իրենց հոգեհարազատ մթնոլորտ են գտել: Ժամանակին համաժողովրդական շարժումը վերածեցին կուսակցության, իսկ քաղաքագիտական վերլուծություն կոչվածի հետևանքով կորցրեցին իրենց կողմնակիցներին»,- եզրափակել է Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված էր.
1. Ս.թ. նոյեմբերի 6-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարեւոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձեւավորելու մասին։
2. Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։