տուն Լուրեր Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրում կավելացվի ևս 265 բնակարան

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրում կավելացվի ևս 265 բնակարան

153
0

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն  առաջարկեց փոփոխություններ կատարել «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգում։

«Փոփոխությունները չորրորդ փուլին են վերաբերում, առ այսօր իրականացվել է 735 բնակարանի ծրագիր, հիմա մենք ավելացնում ենք ևս 265-ը, լրացնում ենք նախնական նիշը, որի համար ծրագիրը սկսվել է, մնացած բոլոր դրույթները հայտնի են»,- ներկայացնելով փոփոխություններն ասաց Սարգսյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե գործադիրն ինչո՞ւ է ամեն տարի երկարացնում որոշման նախագծերի գործունեությունը։ «Ինչո՞ւ մի անգամ որոշում չենք կայացնում ու հետո մոնիթորինգ կատարում տարեկան: Հարցեր կան, որոնք նույն բնույթն են կրում,  և ամեն տարի մենք բերում ենք, թե եկեք մի տարի էլ երկարացնենք,  եկեք ամբողջ ծրագրի համար փաստաթուղթը սարքենք, հետո տարվա մեջ դիտարկումներ անենք»,- ասաց Կարապետյանը։

Նարեկ Սարգսյանը համաձայնեց վարչապետի հետ, սակայն նկատեց, որ երկրորդից երրորդ փուլի ժամանակ պայմաններ են փոխվել։ Վարչապետն առաջարկեց. «Այն դեպքերում, երբ պայմանները նույնն են, Կառավարությանը ներկայացնել ամբողջական փաթեթ»։

Նախագիծն ընդունվեց։