Այսօր Ազգային Ժողովում 2015-ի բյուջեի քննարկմանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծով՝ նախատեսված է ՀՆԱ-ի 4.1% աճ:
«Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն դոլար, որի 83%-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին, մնացած 15 տոկոսը ներքին պարտքն է: Եկամուտները 2015 թ. նախագծվել են 1 միլիարդ 184 միլիոն դրամի չափով: Այդ եկամուտների 95 տոկոսը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, մոտ 2 տոկոսը դրամաշնորհներն են: Ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 միլիարդ դրամ: Դրանց 92 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին»,-ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ բյուջեի գերակայությունները երեքն են: Առաջինըˋ սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումը՝ սոցիալական պաշտպանություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, 2-րդը՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովում, 3-րդը՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բանագավառում ծրագրերի իրականացումը:
«Կրթության ոլորտի ծախսերը կազմելու են 127 միլիարդ դրամ, հիմնական ծախսերի շուրջ 75 միլիարդն ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Սա նախորդ տարվա համեմատությամբ 4 միլիարդով ավել է, ու դա պայմանավորված է 2014 թ. հուլիսի մեկից ուսուցիչների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև՝ սովորողների թվի ավելացմամբ», – ասաց Սաֆարյանը: