տուն Լուրեր Պերմյակովի գործով դատական նիստում կշարունակվի փաստաթղթերի հրապարակումը

Պերմյակովի գործով դատական նիստում կշարունակվի փաստաթղթերի հրապարակումը

98
0

Permyakov3

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 18-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի ժամանակ կշարունակվի գործի փաստաթղթերի հրապարակման փուլը: Մարտի 11-ին կայացած դատական նիստի ժամանակ ներկայացվեց 26 հատորից բաղկացած փաստաթղթային փաթեթներից միայն 4-ը, որոնց մեջ ներկայացված էր դեպքի վայրի զննության, արձանագրությունների որոշումների փորձագիտական եզրակացությունների միայն մի մասը: Հրապարակվեցին նաև լուսանկարներ` սպանության վայրից:
Մարտի 11-ին դատական նիստը դադարեցվեց Վալերի Պերմյակովի ինքնազգացողության վատացման պատճառով: Դատի ավարտին մնացել էր մոտ 15 րոպե, երբ հայտարարվեց, որ Պերմյակովն իրեն վատ է զգում: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Պերմյակովի մոտ նկատվել է արյան ճնշման տատանում:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: