տուն Լուրեր Պե՞տք էր մեկ ապտակի համար դիմել ոստիկանություն

Պե՞տք էր մեկ ապտակի համար դիմել ոստիկանություն

99
0

yerekha-aptakel-1-634x445

Արդեն տեղեկացրել էինք, որ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է ինչպես է մայրը ապտակում դստերը՝ արդեն ոստիկանությունում է: Մայրը՝ Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

Արդյոք դա բռնություն էր երեխայի նկատմամաբ և պե՞տք է այն «ծեծ» որակել: Հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց «Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի» նախագահ Կարինե Անտոնյանի հետ. «Նախ պետք է պարզել՝ դա պարբերաբա՞ր է լինում, թե ուղղակի մի բան է՝ եղել է, երեխան մի բան այն չի արել ու մայրն ապտակել է: Մեզ մոտ ավելի վատ դեպքեր են լինում, երբ ծնողն ահավոր ծեծում է երեխային, բայց այդ ծնողին ոչ ոք չի մեղադրում: Հիմա մայրը մի հատ ապտակել է՝ հետաքննություն է սկսվել»:

Տիկին Անտոնյանի կարծիքով՝ եթե ընդամենը մեկ ապտակ է եղել, չարժեր դիմել ոստիկանություն ու հետաքննություն սկսել, պետք էր պարզապես դիմել հոգեբանի՝ հասկանալու համար՝ ինչ հոգեվիճակում են երեխան ու մայրը և ինչ հանագամանքներում է ապտակել. «Հիմա հետաքննության ընթացքում երեխան կարող է սթրես ապրել՝ բժշկի մոտ գնալուց, ոստիկանություն, մանկապարտեզում խոսակցություններից: Կսկսեն մորը և երեխային մատով ցույց տալ, մանկապարտեզում կասեն՝ այ մենք տեսնաք, որ մամադ քեզ ծեծեց և այլն»:

Նա նաև հավելելեց, որ այս առումով պետք չէ նաև համեմատվել այլ երկրների հետ, որտեղ ամեն փոքրիկ միջադեպի համար երեխան դիմում է ոստիկանություն «Ամեն տեղ պետք է պահել ու պաշտպանել երեխաների իրավունքները, բայց մենք ուրիշ ենք, մեր մենտալիտետն է ուրիշ: Այլ երկրներում, եթե երեխան կարող է 12 տարեկանում հղիանալ ու դա նորմալ լինի, մեզ մոտ այդպես չէ»:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ նման դեպքերում հետաքննություն է սկսվում կամ գործեր են հարուցվում միայն այն դեպքերում, երբ կան բողոքներ ու ապացույցներ: Իսկ թե այս դեպքում ինչ է սպասվում մորը երեխային ապտակելու համար՝ ոստիկանությունում նշեցին, որ ամեն ինչ պարզ կլինի հետաքննության ավարտից հետո:

Էմմա Հովսեփյան